08/05/2019 19:33
Լոռու մարզում կանցկացվի «Երևանի 2-րդ կարճամետրաժ ֆիլմերի փառատոնը»
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մայիսի 9-13-ը Լոռու մարզում կանցկացվի «Երևանի 2-րդ կարճամետրաժ ֆիլմերի փառատոնը», որը կազմակերպում է «Հայկական կինոյի ինդուստրիայի զարգացում» մշակութային հիմնադրամը:
Փառատոնի նպատակն է` նպաստել նոր կինոսերնդի ձևավորմանը, օժանդակել երիտասարդ ստեղծագործողներին՝ գտնելու իրենց տեղը ժամանակակից կինոյում, ամրապնդել կապը Հայաստանի և օտարերկյա կինոգործիչների միջև, խթանել փորձի փոխանակմանը:
Փառատոնը բաղկացած է միջազգային և ազգային խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրերից. մրցանակներ կշնորհվի 12 անվանակարգերում:
Փառատոնի ցուցադրությունները տեղի կունենան Հաղպատում, Դեբետում, Վանաձորում, Սպիտակում:
Հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու միջազգային հեղինակավոր կինոփառատոների մրցանակակիր կարճամետրաժ կինոնկարները:
Փառատոնի շրջանակում տեղի կունենան վարպետության դասեր, ստեղծագործական հանդիպումներ, դիտում-քննարկումներ, շնորհանդեսներ:
Փառատոնի կազմկոմիտեն այս տարի ստացել է ավելի քան 600 հայտ՝ աշխարհի 65 երկրից: