08/05/2019 15:39
Էդուարդ Թոփչյանն Իտալիայում կղեկավարի Զագրեբի ֆիլհարմոնիկ նվագախումբը
Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը «Բրեշիայի և Բերգամոյի դաշնակահարների միջազգային փառատոնին» (Իտալիա) կղեկավարի Զագրեբի ֆիլհարմոնիկ նվագախումբը, տեղեկացնում են Մշակույթի նախարարությունից:
Այս տարի Թոփչյանը հանդես կգա հայտնի հունգարացի ջութակահար Ռոբի Լակատոշի հետ:
Համերգները տեղի կունենան մայիսի 12-ին և 13-ին Բրեշիայի «Teatro Grande»-ում և Բերգամոյի «Teatro Sociale»-ում: Ծրագրում ի թիվս այլ ստեղծագործությունների կհնչեն Ֆ. Լիստի թիվ 1 և 2 Հունգարական ռապսոդիանները (նվագախմբային փոխադրում), թիվ 3 Սիմֆոնիկ պոեմը, Բրամսի Հունգարական պարերի ընտրանին:
«Բրեշիայի և Բերգամոյի դաշնակահարների միջազգային փառատոնը» երաժշտական աշխարհի կարևորագույն իրադարձություններից է: Հիմնադրվել է 1964 թվականին՝ մաեստրո Ագոստինո Օրիցիոյի կողմից:
Նշվում է, որ Բրեշայի Մեծ թատրոնում և Բերգամոյի Դոնիցետիի անվան թատրոնում փառատոնը հյուրընկալել է դասական կատարողական արվեստի անվանի և հեղինակավոր նվագախմբերի և երաժիշտների:
Իր գործունեության հիսունհինգ տարիների ընթացքում փառատոնում հանդես են եկել հանրահայտ դաշնակահարներ Արտուրո Բենեդետտի Միքելանջելին, Մաուրիցիո Պոլլինին, Սվյատոսլավ Ռիխտերը, Վլադիմիր Աշկենազին, Քրիստիան Ցիմերմանը, Մարթա Արգերիխը, Եվգենի Կիսինը, ինչպես նաև հայտնի մենակատարներ և դիրիժորներ՝ Մստիսլավ Ռոստրոպովիչը, Միշա Մայսկին, Լուչանո Պավարոտին, Ռիկարդո Մուտին, Կլաուդիո Աբբադոն, Վալերի Գերգիևը, Լորին Մաազել և այլոք: