09/05/2019 12:37
Բրյուսելում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպում ծրագրված չէ. Զոհրաբ Մնացականյան
Երբ վարչապետն ասում է, դուք պատկերացնու՞մ եք, որ ուրեմն ժողովուրդը պե՞տք է գնա բանակցի Արցախի հարցով, այսօր լրագրողների հետ զրույցում աաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Կա կառավարություն, կառավարությունն ունի իր մանդատը, որը տրված է ժողովրդի կողմից և կառավարությունը չի կարող անել որևէ բան, որը կխախտի այդ մանդատը»,- ասաց նա։
Զոհրաբ Մնացականյանը նշեց, թե կառավարությունն ունի իր պատասխանատվությունը՝ բանակցելու ու գտնելու խաղաղ կարգավորման ձևերը։
ԱԳ նախարարը նշեց՝ հաճախ եղել են իրավիճակներ, երբ ենթադրություն է եղել, որ ինչ-որ մի գործընթաց է գնում, որը կարող է ժողովրդից կտրված լինել։
«Ինչպե՞ս կարող է դա լինել, որովհետև մեր երկրի մեջ կառավարությունն արտահայտում է ժողովրդի կամքը ու այդ կամքի հիման վրա է իր վրա վերցրել պատասխանատվությունը»,- ասաց Զ. Մնացականյանը։
Հարցին՝ առաջիկա օրերին վարչապետը Բրյուսելում է լինելու, որևէ հանդիպում նախատեսվա՞ծ է Ադրբեջանի նախագահի հետ, ՀՀ ԱԳ նախարարն արձագանքեց՝ որևէ ծրագրված բան չունեն։
«Երբ որ նույն տեղում են՝ իրար կտեսնեն, բայց որևէ բան ծրագրված չէ»,- ասաց նա։