09/05/2019 14:05
Շուշիի ազատագրումը խորհրդանշում է հայերիս անկոտրում կամքը. Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին
ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մայիսի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին՝ Հաղթանակի տոնի, ԼՂՀ Պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ։ Ռոբերտ Քոչարյանն իր ուղերձում, մասնավորապես, նշել է․
«Շուշիի ազատագրումը խորհրդանշում է հայերիս անկոտրում կամքը՝ կառուցելու ինքնիշխան պետություն, պահպանելու ազգային ինքնությունը, ապահովելու ազատ զարգացումը։ Մեր կատարած պատմական ընտրությունն անբեկանելի է։ Դրա ապացույցն է պատերազմի բոհում ծնված ԼՂՀ Պաշտպանության բանակի, պետական կառույցների և ընդհանուր առմամբ Արցախի Հանրապետության կայացումը։
Այս տոնը կերտեցին առաջին հերթին նրանք, ովքեր հերոսացան մարտի դաշտում։ Շենացնելով Արցախը՝ մենք կատարում ենք նաև մեր նահատակված ընկերների պատվիրանը»։
Շնորհավորական ուղերձում Քոչարյանը խաղաղություն և բարօրություն է մաղթել Հայաստանի և Արցախի ժողովրդին։