10/05/2019 12:45
Շատ դեպքերում գուցե մենք դանդաղ ենք աշխատում, հանրությունը մեզ մեղադրում է ու ոմանք առիթավորվում են ոնց որ. ՀՀ վարչապետ
Կառավարության ասյօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ գազալցակայաններում ավտոմեքենաներին գազի լիցքավորման խնդրին:
Վարչապետը շուկայի վերահսկողական տեսչական մարչմնի ղեկավարին խնդրեց տեղեկատվություն տալ, թե ինչ է կատարվում այս առումով:
«Գազի գինն այսօրվա դրությամբ ՀՀ ամբողջ տարածքում տատանվում է 255 դրամից մինչև 310 դրամի սահմաննեորւմ», - ասաց Արմեն Կոտոլյանը:
Նրա խոսքով՝ որոշ տնտեսվարողներ գազի գինը թանկացրել են՝ հասցնելով մինչև 310 դրամի:
«Այս հարցի շուրջ խոսեցի ՊԵԿ-ից պարոն Մաշադյանի հետ, ով ասաց՝ քանի որ տնտեսվարողները նախկինում հնարավորություն են ունեցել չարաշահումների միջոցով գինը ցածր պահել, այսօր այդ հնարավորությունը չունենալու պատճառով ստիպված են եղել գինը բարձրացնել» - ասաց Արմեն Կոտոլյանը:
Վարչապետը հետաքրքրվեց` համոզվա՞ծ են, որ ճիշտ բանաձև են դրել օրենքի հիմքում:
«Այո, պարոն վարչապետ, բայց փոփոխությունը ոչ թե գազի արժեքին է վերաբերել, այլ` ակցիզային հարկին: Խոսքը վերաբերել է միայն չափման միավորի փոփոխությանը, ոչ թե գումարի փոփոխությանը», - ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից հետաքրքրվեց` նրանք, ովքեր գինը փոխում են, խոստովանո՞ւմ են, որ նախկինում սպառողներին խաբե՞լ են:
«Ըստ էության, այո, պարոն վարչապետ», - ասաց ՊԵԿ նախագահը:
Վարչապետի խոսքով՝ այս ոլորտում քաղաքական առնչություն ունեցող մարդիկ կան:
«Նույնիսկ մենաշնորհային ավանդություներ ունեցող մարդիկ, ու ես ուզում եմ հավատալ, որ նրանք փորձ չեն անի քաղաքական շահարկումների առիթ տան էս հարցը: Մենք պետք է սրանով շատ լուրջ զբաղվենք, շատ դեպքերում գուցե մենք դանդաղ ենք աշխատում, հանրությունը մեզ մեղադրում է ու ոմանք առիթավորվում են ոնց որ», - ասաց ՀՀ վարչապետը:
Նա կոչ արեց արագ զբաղվել այս հարցով:
«Շատ դեպքերում հնարավոր է, իրոք, շատ մեղմ ենք վերաբերում մարդկանց», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ իրենց խնդիրը սպառողի իրավունքի պաշտպանությունն է: