10/05/2019 10:38
Գլխավոր դատախազը հայտարարել է մեկ քրեական գործով մեղադրյալի օտարերկրյա ակտիվների վրա արգելանք դնելու մասին
Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը այսօր Ազգային ժողովում տեղեկացրել է, որ առանձին քրեական գործերով փորձ է արվում երկրից հափշտակված ակտիվները վերադարձնել։
Դատախազի խոսքով՝ այս իրավական գործընթացն ունի մասնավոր և իրավական դրսևորում։
«Մասնավոր դրսևորումն այն է, որ յուրաքանչյուր քրեական գործի շրջանակներում, բնականաբար, այդ քրեական գործի քննության առարկա է հանդիսանում պատճառված վնասը, կամ, այսպես կոչված, հափշտակված գումարների շարժի պարզումը։ Եվ երբ պարզվում է, որ որպես մեղադրյալ կասկածվող անձը հափշտակված գումարներ է ուղղել երկրից դուրս, ապա դատավարական ընթացակարգեր են գործի դրվում դրանց տնօրինումը արգելադրելու համար», - պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին՝ Ազգային ժողովում 2018-ի գործունեության հաղորդման ներկայացման ժամանակ ներկայացրեց գլխավոր դատախազը։
Պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը փորձեց դատախազից պարզել՝ արդյոք կան կոնկրետ արդյունքներ, որոնք հետ են բերվել կամ վերադարձման ճանապարհին են։
«Այո, մենք ունենք արդյունք։ Միջազգային համագործակցության արդյունքում պարզել ենք մեկ քրեական գործի տվյալներով հանցագործությամբ պատճառված վնաս։ Այս պահի դրությամբ դեռևս արդյունքն այն է, որ հնարավորություն ենք ունեցել արգելադնել դրա տնօրինումը», - հավելեց դատախազը։