10/05/2019 16:39
Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ քննության օրը դատախազությունն իր դիրքորոշումը կհայտնի Արցախի նախագահների դիմումի մասին. Դատախազ (Տեսանյութ)
Ինձ համար այդ երևույթը գոյություն ունի այնքանով, որքանով իրավական է, որևէ ազդակ կամ քաղաքական նշանակություն չի ազդում իմ որոշումների վրա, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն՝ անդրադառնալով հարցին, արդյոք Արցախի երկու նախագահների կողմից իրեն ուղղված նամակը ներքին ազդակ չէ՞։
Դիտարկմանը, որ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են հաջորդ դատական նիստի ժամանակ ներկայացնել Արցախի նախագահների նամակն ու երաշխավորման հիմքերը և դատախազությունը պարտավոր է անդրադառնալ այդ նամակին` Դավթյանն ասաց.
«Դատախազությունն արդեն այդ փուլում՝ որպես կողմ, դիրքորոշում է հայտնելու։ Եթե չեմ սխալվում, նիստը լինելու է ամսի 13-ին: Դատախազությունը կներկայանա և այդ օրն իր դիրքորոշումը կհայտնի»։
Հարցին՝ արդյոք մինչև հիմա գտնու՞մ է, որ ՀՀ երկրորդ նախագահին կալանքի տակ պահելու հիմքեր կան, հաշվի առնելով, որ նախաքննությունն ավարտվել է, դատախազն արձագանքեց.
«Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմքերին մեր նախաձեռնությամբ անդրադառնալու մեր լիազորությունը սպառվեց ապրիլի 29-ին, երբ մենք գործն ուղարկեցինք դատարան: Մենք չփոխեցինք կալանքի միջոցը, դա նշանակում է՝ այդ պահին մեր որոշման տիրույթում մենք այդ կարծիքի էինք: Քննության հետագա փուլերում՝ յուրաքչանյուր կոնկրետ իրավիճակին բնորոշ, մենք արդեն ոչ թե որոշող ենք, այլ՝ դիրքորոշում հայտնող, ու կկհայտնենք մեր դիրքորոշումը»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ կոչ անելով փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը: