10/05/2019 18:35
«Ազնավուր» հիմնադրամը և Ազնավուր ընտանիքը կապ չունեն Երևանում մայիսի 26-ին կայանալիք համերգի հետ
«Ազնավուր» հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է մայիսի 26-ին Երևանում կայանալիք՝ Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգին:
«Ի պատասխան բազմաթիվ հարցերի ու նամակների՝ «Ազնավուր» հիմնադրամը և Ազնավուր ընտանիքը հայտնում են, որ ո՛չ հիմնադրամը և ո՛չ էլ ընտանիքը չեն հանդիսանում Երևանում մայիսի 26-ին կայանալիք` Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգի նախաձեռնողը, կազմակերպիչը կամ աջակիցը։
Վերջին շրջանում տարբեր անձանց կողմից արվում են հանրային հայտարարություններ, որոնցով փորձ է արվում վերոնշյալ համերգի կազմակերպումը որևէ կերպ կապել «Ազնավուր» հիմնադրամի և Ազնավուր ընտանիքի անվան հետ։
Հիմնադրամը և ընտանիքն անթույլատրելի են համարում հանրությանն ապատեղեկացնելու նմանատիպ փորձերը և մեկ անգամ ևս ընդգծում, որ որևէ առնչություն չունեն վերոնշյալ համերգի հետ»,- նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ մեծանուն արտիստի 95-ամյակի կապակցությամբ մայիսի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու համերգ՝ «Քեզ համար, Հայաստան» խորագրով: Երեկոյի ընթացքում հանդես կգան համաշխարհային ճանաչում վայելող սիրված ֆրանսիացի երգիչներ Պատրիկ Ֆիորին, Հելեն Սեգարան, Լեա Կաստելը, Սլիմանը, Րաֆֆի Արտոն և այլք:
Ֆրանսիացի արտիստներին կնվագակցի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
Նախագծի գլխավոր հովանավորը, կազմակերպիչը և աջակիցը «ArmCenter» ընկերությունն է, աջակիցներն են՝ Աննա Կարոլինա պրոդաքշնը, Ֆրանսիայի «Շահբազյան» պրոդյուսերական կենտրոնը, vorak.am-ը: