10/05/2019 11:51
Բացառված է կոռուպցիան դատախազական համակարգում. Արթուր Դավթյան
Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը այսօր Ազգայն ժողովում իր ղեկավարած կառույցի 2018 թվականի հաշվետվությունը ներկայացնելիս պաշտոնապես հայտարարեց, որ դատախազությունում այսօր կոռուպցիա չկա։
«Ամենակարևորը բարոյահոգեբանական այն մթնոլորտի ձևավորումն է, որ պետք է ունենանք 0 հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ։ Առաջին հերթին ինքներս մեր նկատմամբ։ Թող անհամեստություն չլինի, բայց ամբողջ աշխատանքի համակարգման առումով կարող եմ ասել, որ մեր համակարգում մեզ հաջողվել է ձևավորել այդ մթնոլորտը», - հայտարարեց գլխավոր դատախազը։
Այս համակարգում կոռուպցիայի մասին հարց տված ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը, թերևս, զարմացավ և այդ տոնով երկրորդ հարցը տվեց. «Այլևս սրբե՞ր են դատախազները»։
Ի պատասխան իրավապահ մարմնի ղեկավարն ասաց, որ երկրի վրա սրբեր չեն լինում, իսկ դատախազներն էլ սրբեր չեն ու հավելեց. «Ես որպես գլխավոր դատախազ այստեղից ձեր բոլորի ներկայությամբ ասում եմ՝ բացառված է կոռուպցիան դատախազական համակարգում։ Առաջինը դա ասում եմ իմ կենցաղով, իմ ամենօրյա օրինակով»: