10/05/2019 14:35
Ստամբուլի քաղաքապետի նոր ընտրությունները կարող են ճգնաժամային իրավիճակ ստեղծել. Թուրքագետ
Չի բացառվում, որ Ստամբուլի քաղաքապետի՝ հունիսի 23-ին կայանալիք ընտրություններում, կրկին հաղթանակ տանի ընդդիմադիր թեկնածուն, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօերն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
«Առճակատումը չպետք է դիտարկել անձնական մակարդակում՝ ընդդիմության և Էրդողանի ղեկավարած կուսակցության միջև։ Կարծում եմ՝ ընտրված քաղաքապետի հայտարարությունը պետք է որ համաձայնեցված լինի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավարության հետ։ Այս դեպքում, կարող է բավական լարված, նույնիսկ՝ ճգնաժամային իրավիճակ ստեղծվել»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։
Թուրքագետը հիշեցրեց, որ նախանական հարցումների արդյունքներով՝ Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում պետք է հաղթեր Էրդողանի կուսակիցը՝ Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը, բայց վերջին երկու շաբաթվա ընթացքում իրադրությունը շատ կտրուկ փոխվեց։
«Ընտրողների կամքը վերջին մի քանի շաբաթվա ընթացքում արմատապես փոխվեց։ Դա կապված է երկրում առկա ընդհանուր իրադրության հետ։ Ստամբուլը Թուրքիայի ամենամեծ քաղաքն է, և Թուրքիայում առկա տնտեսական ճգնաժամն ամենացայտուն կերպով արտացոլվում է հենց այս քաղաքում։ Գնալով երկրում տնտեսական դժգոհություն է հասունանում։ Բացի այդ՝ Ստամբուլում ընտրություննրի արդյունքի վրա զգալի ազդեցություն ունեցան վերջին երկու տարիներին Էրդողանի կողմից ամենատարբեր խավերի ներկայացուցիչների նկատմամբ գործադրվող ճնշումները»,- ամփոփեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում հաղթած Էքրեմ Իմամօղլուն հրաժարվել է ընդունել երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ քաղաքապետի ընտրությունները չեղարկելու և նոր ընտրություններ անցկացնելու մասին որոշումը: Վերջինս հայտարարել է, որ ԿԸՀ-ի որոշումն իր համար որևէ իրավական հիմք չունի:
«Ես ինձ Ստամբուլի քաղաքապետ եմ համարում»,- ասել է ընդդիմադիր գործիչը:
Ավելի վաղ, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը դիմել էր ԿԸՀ՝ Ստամբուլում կրկնակի ընտրություններ անցկացնելու մասին որոշումը չեղարկելու համար:
Թուրքիայի ԿԸՀ-ն էլ օրեր առաջ չեղարկել էր Ստամբուլում մարտի 31-ին անցկացված քաղաքապետի ընտրությունների արդյունքները՝ հայտարարելով, որ հունիսի 23-ին կանցկացվեն նոր ընտրություններ: