10/05/2019 19:23
Այս տարի Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին ներկայացվել է ավելի քան 740 ֆիլմ
Երևանի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 7-14-ը: Միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է ավելի քան 740 ֆիլմեր, ինչպես նաև ընտրվել են մի շարք կինոնկարներ՝ աշխարհի հեղինակավոր կինոփառատոններից, այս մասին մայիսի 10-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց փառատոնի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը:
««Eventival» կայքի միջոցով ստացել ենք 740 ֆիլմ, ընտրվել են նաև ֆիլմեր Ռոտերդամի, Բեռլինի և այլ միջազգային կինոփառատոններից: Այնպես որ, հանձնաժողովն այս պահին դիտարկում է ավելի քան 740 կինոնկար: Փառատոնն ունենալու է միջազգային լիամետրաժ (որը ներառում է խաղարկային և վավերագրական ֆիլմեր), ինչպես նաև կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթներ, իսկ արտամրցութային ծրագիրը ներառելու է տարածաշրջանային համայնապատկեր մրցույթը: Մնացած ծրագրերը ոչ մրցութային են, դրանք են՝ Երևանյան պրեմիերաներ, hետահայաց ցուցադրություններ, hարգանքի տուրք: Ընդ որում, նշեմ, որ Երևանյան պրեմիերաներ ծրագիրը ներառելու է նաև հայկական ֆիլմեր»,- ասաց Հասմիկ Հովհաննիսյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ փառատոնային մի շարք ծրագրերի հայտեր այս պահին բաց են, և հնարավորություն կա մասնակցելու դրանց:
Տնօրենն առանձնահատուկ շեշտեց, որ այս տարի հիմնական շեշտը դրվելու է նաև կրթական ծրագրերի իրականացմանը: Մասնավորապես, փառատոնի շրջանակներում իրականացվելու է դեբյուտային նախագծերի զարգացման դասընթաց, դասավանդողների թվում կլինեն մասնագետներ նաև այլ երկրներից:
«Ոսկե ծիրան»-ի տնօրենը լրատվամիջոցներին ներկայացրեց փառատոնի նոր տարբերանշանը, որն արտահայտում է փառատոնի նոր կազմի ինքնատիպ մոտեցումը 16-րդ տարին անցկացվող իրադարձությանը:
Տարբերանշանի հեղինակը՝ դիզայներ Վիլյամ Կարապետյանը, լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեղեկացրեց, որ այն մինիմալիստական է, ներկայացնում է հայերեն «Ծ» տառը, և այդ տառի միջոցով ինքը փորձել է ստանալ փառատոնի խորհրդանիշ համարվող ծիրանը:
Մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև «GAIFF Pro» ծրագրին:
Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում կազմակերպվում են վարպետության դասեր և փիթչինգ ելույթներ, ֆիլմի/սցենարի զարգացման աշխատարաններ, տարածաշրջանի՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի և Թուրքիայի կինոռեժիսորների համար նախատեսված կինոնախագծերի և աշխատանքային փուլում գտնվող ֆիլմերի շուկաներ` բացելով ֆինանսավորման և համագործակցության նոր հեռանկարներ տեղի կինոգործիչների համար:
«GAIFF Pro» ծրագրերի ղեկավար Սոնա Կարապողոսյանը ներկաներին տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակում փառատոնի օրերին կանցկացվեն տարատեսակ դասընթացներ, կլինի նաև նախագծերի շուկա: Արդեն իսկ ստացվել են 27 զարգացման, ինչպես նաև՝ 5 աշխատանքային փուլում գտնվող նախագծերի հայտեր:
«GAIFF Pro»-ին մասնակցության հայտեր ուղարկելու վերջնաժամկետը մայիսի 19-ն է: