11/05/2019 11:30
Բիզնեսում անարդարության, արտոնյալության դրսևորումները, եթե կան, պետք է վերացնենք. վարչապետ
Հայաստանի Հանրապետությունից մենաշնորհային, կոռուպցիոն տրամաբանությունը վերացել է, և մենք կարող ենք բոլոր նախագծերը բաց, թափանցիկ, հրապարակային քննարկել, այսօր «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային գործարար համաժողովի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նկատեց, որ տնտեսական բոլոր խաղացողների համար պետք է ապահովեն տնտեսական պայմաններ, մինչդեռ այդ պայմանները այս պահին լիարժեք ապահոված չեն։
«Մեկ տարվա ընթացքում մեր ձեռնարկած գործողությունները, իհարկե, շատ բան փոխել են, բայց մենք նաև մեկ տարվա արդյունքում նորից պետք է հետազոտենք դաշտը, հասկանանք, թե որտեղ են մնացել են անարդարության, արտոնյալության որոշակի դրսևորումներ, և մենք պետք է այդ դրսևորումները վերացնենք ոչ թե ի հեճուկս ինչ-որ մեկի, ինչ-որ բանի, այլ հանուն Հայաստանի տնտեսական զարգացման, հանուն երկրի ներդրումային զարգացման», - հայտարարեց վարչապետը։
Այս անգամ համաժողովն ընթանում է Գեղարքունիքի մարզում։ Մինչ այդ նման համաժողով անցկացվել էր Լոռու և Արարատի մարզերում։
Գործարարությունը, գործադիրի ղեկավարի խոսքով, հատուկ տաղանդ է պահանջում։ Նա համոզմունք հայտնեց, որ Հայաստանում ու Հայաստանից դուրս կան բազմաթիվ տաղանդավոր գործարարներ։
Փաշինյանը հայտարարեց նաև, որ մեկ տարի անց կարող են արձանագրել՝ գործող կառավարությունը ճիշտ ուղղությամբ է ընթանում։
«Մեր մեծագույն խնդիրն է ՀՀ քաղաքացիներին, ներդրողներին քաջալերենք, որ նրանք գործունեություն ծավալեն Հայաստանում, հարստանան ու հարստացնեն Հայաստանը», - հավելեց Փաշինյանը։