11/05/2019 13:27
Հայաստանի գյուղատնտեսությունը շատ հետամնաց է և 40-50 տարի հետ է աշխարհի լավագույն երկրներից. Գյուղատնտեսության փոխնախարար
Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Արտակ Քամալյանը, որը վերջերս է վերադարձել Հայաստան, իր համար պարզել է, որ Հայաստանի գյուղատնտեսությունը «շատ հետամնաց է»։
«Հայաստանում մենք ունենք շատ հետամնաց գյուղատնտեսություն և մոտավորապես 40-50 տարի մենք հետ ենք աշխարհի լավագույն գյուղատնտեսական երկրներից», - այսօր «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային գործարար համաժողովի ժամանակ հայտարարեց Քամալյանը։
Նա փորձեց զուգահեռներ անցկացնել. Ասաց, որ եթե անցած տարի Հայաստանում լոլիկի բերքի 40 տոկոսը ցեցը կերել էր, ապա ԱՄՆ-ում Կալիֆորնիայի համալսարանը մի կոմբայն է ստեղծել, որն առանց մարդու միջամտությն հավաքում է ելակի բերքը։
Այդուհանդերձ, փոխնախարարը մի լավ նորություն ուներ. «Մենք հստակ հասկանում ենք, թե ինչ պետք է անենք, ոնց ու երբ պետք է անենք, որ գոնե մի յոթ տարի հետո ընկնենք 21-րդ դար։ Ես չեմ՝ ասում կհասնենք այդ երկրներին, որովհետև նրանք տեղում չեն մնալու, բայց 50 տարվա հետամնացությունը կիջեցնենք, կսարքենք 10 տարի։ Էդ ծրագիրը մենք ունենք, այդ ծրագրերն իրականցնելու համար մեզ պետք են այ էս մարդիկ (ցույց է տալիս դահլիճը-խմբ.), առանց այդ մարդկանց հնարավոր չէ»։
Նշենք, որ սա գործարար համաժողով է ու դահլիճում նստած են գործարարներ։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը իր հերթին նկատեց, որ վերջերս Արտակ Քամալյանի հետ Գեղարքունիքի ֆերմերների հետ են հանդիպել ու ծիծաղով նկատեց. «Երևի պարոն Քամալյանի պատկերացումը, որ մենք մնացել ենք 5 տարի հետ, այդտեղից է»։
Կարապետյանը մանրամասնեց, որ այդ հանդիպմանը ներկա էր ռուսաստանից գործարար, որը Հայաստանում չրերի արտադրությամբ է զբաղվում։
«Ամենակարևոր նպատակը, որ ինքը եկել էր Գեղարքունիքի մարզ, որ հորդորեր հատկապես Մարտունու տարածաշրջանում, Գավառում մարդիկ զբաղվեն տանձի արտադրությամբ՝ խոսքը «Անտառային գեղեցկուհի» տեսակի մասին է․ մենք կարող ենք աշխարհում հայտնի դառնալ որպես չորացված մրգերի հիմնական կենտրոն», - հավելեց պատգամավորը։