11/05/2019 14:08
Լայնածավալ պատերազմ մոտակա ժամանակներս չեմ սպասում. Պաշտպանության նախկին նախարար
Հայաստանցի-ղարաբաղցի տարանջատումն անթույլատրելի եմ համարում։ Սա անում են մարդիկ, որոնք չեն գիտակցում՝ ինչ է Հայաստանը, տարածաշրջանը և մեր պատմությունը, այսօր տեղի ուենցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԵԿՄ վարչության փոխնախագահ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
«Ես դա համարում եմ սպառնալիք մեր անվտանգուիթյանը։ Չկա արցախցի, հայաստանցի. կա հայ ժողովուրդ, որը հաղթանակ է տարել։ Եթե մենք բաժանեինք արցախցի-հայաստանցի, ապա հաղթանակ չէինք ունենա», - համոզմունք հայտնեց բանախոսը։
Անդրադառնալով պատերազմի վերասկսման հավանականությանը՝ Վաղարշակ Հարությունյանն ընդգծեց, որ չկա հակամարտություն, որը լուծվել է 30 տարվա ընթացքում։
«Սա խորքային պրոբլեմ է։ Կարող եմ ասել, որ Ղարաբաղի հարցի լուծում մոտակա ժամանակներս չկա։ Մենք Ղարաբաղի հարցը լուծել ենք, մեր խնդիրն ունեցածը պահելն է։ Ինչ վերաբերում է լայնածավալ պատերազմին, եթե Ադրբեջանը համոզված լիներ, որ կարող է դա անել, պատերազմը կսկսեր։ Ադրբեջանը պատերազմ չի սկսում, որովհետև և՛ այն ժամանակ, և՛ այսօր լուծում ենք գլխավոր՝ պատերազմի չվերսկսման խնդիրը։ Դա մեր բանակի մարտունակությունն է», - ասաց պաշտպանության նախկին նախարարը։
Նրա խոսքով՝ այսօր արդեն մենք ունենք ռազմական այնպիսի ներուժ և հրթիռային համակարգ, որն ընդունակ է ոչնչացնել Ադրբեջանի տնտեսական և ռազմական կենտրոնները։
«Մյուս կողմից՝ Ադրբեջանը չի կարող դիվերսիաներ և խախտումներ չանել, որովհետև խնդիր է լուծում. ճնշում է բանեցնում հայկական կողմի վրա, որպեսզի մենք գնանք զիջումների։ Մյուս կողմից՝ նա շանտաժի է ենթարկում համանախագահներին։ Այնպես որ, լայնածավալ պատերազմ մոտակա ժամանակներս ես չեմ սպասում՝ չնայած պետք է պատրաստ լինենք և մարտունակ բանակ ունենանք», - եզրափակեց Վաղարշակ Հարությունյանը։