11/05/2019 10:03
«Հրապարակ». Նոր իշխանությունը որոշել է չաշխատել Դավիթ Հարությունյանի կադրի հետ
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Նունե Խաչատրյանն արձակուրդ է վերցրել և, մեզ հասած տեղեկություններով, այլևս չի վերադառնա: Թերևս, նոր իշխանությունը որոշել է չաշխատել հին, փորձառու կադրի հետ։ Նա 1997 թվականից աշխատել է կառավարության աշխատակազմում, եղել է վարչապետի աշխատակազմի առաջատար մասնագետ, ապա տեղափոխվել է արդարադատության նախարարություն՝ նախարարի օգնական, խորհրդական, աշխատակազմի ղեկավար, հետո՝ գլխավոր դատախազի խորհրդական, ապա Դավիթ Հարությունյանի՝ կառավարության աշխատակազմի ղեկավար դառնալուց հետո նշանակվել է նրա տեղակալ։ 2017-ին վերադարձել է արդարադատության նախարարություն՝ աշխատակազմի ղեկավար։ Նա համարվում է Դավիթ Հարությունյանի կադրը։
Արդարադատության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը մեզ ասաց․ «Հաստատում եմ, որ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար տիկին Նունե Խաչատրյանը հերթական արձակուրդի դիմում է ներկայացրել»: Իսկ հետագայում «չվերադառնալու» մասին հարցին ի պատասխան՝ խոսնակն ասաց, որ նման տեղեկության չի տիրապետում»: