11/05/2019 18:54
Պետական կամերային երաժշտական թատրոնի «Քասթինգ»-ը հայելի է ամեն գնով փառքի ձգտող երիտասարդների համար. պրեմիերա
Երիտասարդ դերասան Վալենտինը մասնակցում է հսկայական նախագծի քասթինգի, որը կարող է օգնել իրեն՝ արթնանալ հայտնի: Ռեժիսորն ու օպերատորը անում են ամեն ինչ, որպեսզի բացահայտեն դերասանի հնարավորությունները: Բայց արդյոք Վալենտինը հանուն հաջողության պատրաստ է ամեն ինչի... Սա Երևանի Պետական կամերային երաժշտական թատրոնի նոր՝ «Քաթինգ» կոչվող ներկայացման հակիրճ բովանդակությունն է, որի առաջնախաղը տեղի ունեցավ մայիսի 10-ին:
Մեր օրերի ռուս հեղինակներ Հերման Գրեկովի և Յուրի Մուրավիցկու ստեղծագործությունը հայկական բեմում ներկայացրել է բեմադրիչ Վիլեն Սարգսյանը, ով, ի դեպ, հանդիսանում է նաև բեմի նկարչական ձևավորողն ու առանցքային դերակատարներից մեկը:
Հատկանշական է, որ «Քաթինգ»-ը Վ. Սարգսյանի անդրանիկ բեմադրությունն է: Վերջինս չթաքցրեց՝ դժվար է նույն ներկայացման շրջանակներում հանդես գալ և՛ որպես ռեժիսոր, և՛ որպես դերասան, ու այդ բարդ հարցում նրան աջակցել են ընկերները: Պիեսի ընտրության հարցում էլ նրան օգնել է այն հանգամանքը, որ թեման արդիական է, իսկ հերոսի իրավիճակներում ինքն էլ հաճախ է հայտնվել:
Գլխավոր հերոս Վալենտինին մարմնավորում է դերասան Արթուր Պետրոսյանը, Պամելային՝ Անի Նիկոյանը, Իքս և Իգրեկ հերոսներին՝ Հայկ Պետրոսյանն ու Արթուր Պետրոսյանը, Զեթին՝ Վիլեն Սարգսյանը:
«Հերոսս ցանկանում է «աստղ» դառնալ, ու երազանքին հասնելու ճանապարհին կորցնում է սեփական «ես»-ը: Ես ավելի շատ կնախընտրեի, որ չդավաճաներ ինքն իրեն»,-նկատում է Արթուր Պետրոսյանը:
Պամելային մարմնավորող Անի Նիկոյանն ու Վիլեն Սարգսյանն առաջին անգամ չէ, որ միասին նույն բեմում են հայտնվում: Խոստովանում է՝ խաղընկերոջ ռեժիսորական ունակությունների մասին մինչ բեմադրությունն էլ կարծիք կազմել էր, քթանի որ հաճախ է նրանից հետաքրքիր մտքեր լսել:
«Իմ կարծիքով, «Քասթինգ»-ը իր ինքնատիպ ռեժիսորական լուծումներով ոչ միայն մրցունակ է, այլև՝ կարող է տարբերվել տարբեր թատրոնների խաղացանկերում առկա բեմադրություններից»,-վստահեցրեց նա:
Սեփական նպատակներն իրականացնելու ճանապարհին ամեն ինչ անտեսող երիտասարդների համար հայելի հանդիսացող «Քասթինգ»-ն այսուհետ ընդգրկված կլինի Պետական կամերային երաժշտական թատրոնի խաղացանկում՝ փառքի գայթակղությանը ձգտող շատ-շատերին հնարավորություն տալով մեկ անգամ ևս կշռադատելու, հետո նոր՝ որոշում կայացնելու: