12/05/2019 17:43
Կայացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի շնորհանդեսը
Այսօր՝ մայիսի 12-ին, տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին վերջինիս ընտանիքի անդամները, քաղաքական մի շարք գործիչներ, համախոհներ։
Ինչպես շնորհանդեսի մեկնարկին ասաց Ռոբերտ Քոչարյանի տիկին Բելլա Քոչարյանը, իրենք երկար տարիներ փորձել են համոզել ամուսնուն՝ գիրք գրել, սակայն նա չէր համաձայնվում՝ ասելով, որ չի սիրում փորփրել անցյալը։
«Բայց գիրքը գրվեց, եկավ մի պահ, երբ նա շատ լուրջ մտածեց այս ուղղությամբ և գրեց գիրքը։ Դա տևեց 3 տարի։ Գիրքը շատ հետաքրքիր է, լեփ-լեցուն է այնպիսի փաստերով, որոնց մասին մենք մինչ այժմ չէինք իմանում։ Ռոբերտն իր էությամբ բաց մարդ չէ, բայց այս գրքում շատ բացվեց։ Նա այնքան սիրով է գրում Ստեփանակերտի, Ղարաբաղի բնության մասին, որ կարծես այնտեղ գեղարվեստական ինչ-որ բան կա։ Գրքում նա գրում է իր մանկության, քրոջ, շատ սիրելի եղբոր՝ Վալերայի մասին, որն այսօր, ցավոք, մեզ հետ չէ, այլապես զորավիգ կլիներ եղբորը», - ասաց ՀՀ երկրոդ նախագահի տիկինը։
Բելլա Քոչարյանը միաժամանակ նշեց, որ այսօր կայանում է գրքի երկրորդ՝ հայերեն թարգմանությամբ տարբերակի շնորհանդեսը, մինչդեռ առաջին՝ ռուսերենով շնորհանդեսը հունվարին տեղի էր ունեցել Արցախում։
«Ռոբերտ Քոչարյանն այսօր ապօրինի անազատության մեջ է, բայց միևնույն է, նման միջոցառումներ պետք է անցկացվել, որովհետև այս գիրքն է ծնվել։ Այս գիրքը կարող է սովորեցնել՝ ինչքան կարևոր է սիրել հայրենիքը։ Այնքան մեծ է հայրենասիրությունն այնտեղ, որ զարմանում ես։ Գիրքը չի թողնում, որ մենք շփոթվենք», - ընդգծեց Բելլա Քոչարյանը։
ՀՀ երկրորդ նախագահի տիկնոջ խոսքին հաջորդեց Ռոբերտ Քոչարյանի կենսագրությունը ներկայացնող տեսաֆիլմ՝ մանկությունից միչև քաղաքական գործունեությամբ զբաղվելու շրջան։
Այնուհետև Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանն, ընթերցեց հայրիկի ուղերձը։
Ուղերձում ՀՀ երկրորդ նախագահը, մասնավորապես, նշել էր, որ շատ կցանկանար՝ գրքի հայերեն և ռուսերեն տարբերակների շնորհանդեսը միաժամանակ կայանար, սակայն որոշակի պատճառներով՝ հակառակն է ստացվել։ Նա միաժամանակ հույս էր հայտնել, որ նոր իրադարձությունները, որոնք նոր գրքի առիթ են դառնալու, իրենց երկար սպասեցնել չեն տա։