13/05/2019 18:32
Քոչարյանի պաշտպանները դատարանին միջնորդել են հարցաքննության հրավիրել ՍԴ դատավորների, Գագիկ Հարությունյանին և Միքայել Հարությունյանին (Տեսանյութ)
Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը Մարտի 1-ի գործով դատավարության ժամանակ վկաների մեծ ցուցակ է ներկայացրել, այսօր դատական նախնական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը:
Նրա խոսքով, այդ ցուցակում առայժմ չի նշվում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անունը, բայց, հնարվոր է, դատական գործընթացում իրավիճակ փոխվի և նրան ևս իրենք որպես վկա հրավիրեն դատարան։
Ինչ վերաբերում է մեղադրող կողմին, ապա այն ավելի քան 800 անձի անուն է ներկայացրել, որոնք դատարանում հանդես են գալու որպես վկա: Նրանց թվում են նաև ՀՀ առաջին և երրորդ նախագահները:
«Այս պահի դրությամբ մեղադրող դատախազները ներկայացրել են 800 անունից կազմված մի ցուցակ: Մենք, եթե չեմ սխալվում 10 հոգանոց ցուցակ ենք ներկայացրել», - ասաց Ալումյանը:
Ովքե՞ր են լինելու պաշտպանական կողմի այդ տասը վկաները:
Դատակոչվող տասը վկաների թվում, ըստ Ալումյանի, լինելու են Սահմանադրական դատարանի դատավորներ, գործարար Սամվել Մայրապետյանը և Միքայել Հարությունյանը:
Փաստաբանը բացատրեց նաև, թե ինչու են ՍԴ դատավորներ հրավիրել հարցաքննության.
«Պարոն Քոչարյանի մեղադրանքի մեջ, ի թիվս այլի, կա դրույթ, որ այդ ժամանակ ճնշում է եղել Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ: Ընդ որում, չի մասնավորեցվում՝ ինչպե՞ս է եղել ճնշումը, ո՞ր դատավորի նկատմամբ, և ՍԴ բոլոր դատավորներից ընտրվել է երկու դատավոր, անհասկանալի սկզբունքով ընտրվել են երկու դատավորներ, որոնք երկուսն էլ հերքել են ճնշման փաստը»:
Փաստաբանը տեղեկացրեց, որ ՍԴ դատավորների թվում՝ որպես վկա, միջնորդել են դատարանին, որ հրավիրվի նաև ՍԴ նախկին նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանին:
Մանրամասները՝ տեսանյութում։