13/05/2019 12:43
Նույնիսկ եթե Ռոբերտ Քոչարյանը Արցախում գա իշխանության, Հայաստանն ու Արցախը պետք է աշխատեն որպես մեկ բռունցք. Գևորգ Գորգիսյան
Չպիտի երբևէ Արցախն ու Հայաստանը հակադրվեն միմյանց՝ անկախ նրանից, թե որտեղ ով կլինի իշխանության, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այն գրառմանը, որ եթե Արցախը փորձեն դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդն այն կդարձնի հեղափոխության օջախ:
«Նույնիսկ եթե ամենավատ սցենարով Ռոբերտ Քոչարյանը Արցախում գա իշխանության, միևնույն է Հայաստանն ու Արցախը՝ որպես մեկ բռունց, պետք է աշխատեն՝ ծառայելով Հայաստանի և Արցախի քաղաքացիների շահերին», - ասաց Գորգիսյանը:
Նա նշեց, որ անթույլատրելի է համարում Հայաստանի և Արցախի հակադրումը՝ նշելով, որ վերջին շրջանում նկատվեցին փոխադարձ անհարգալից վերաբերմունքի դեպքեր, որոնք սխալ են.
«Պետք է պահպանվեն քաղաքական խաղի ճիշտ կանոնները, պահեն միմյանց նկատմամբ հարգանքի բարձր մակարդակը, որովհետև մենք ունենք մեկ նպատակ և այդ նպատակին հասնելու քաղաքականության մեջ անձնական հարցերը չեն կարող դեր խաղալ»: