13/05/2019 14:11
Ռոբերտ Քոչարյանը դատարանում է. Լուսանկարներ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Մարտի 1-ի գործով նախնական դատական նիստը, փոխանցում է Aysor.am-ի թղթակիցը։ Դատարանում է նաև ՀՀ 2-րդ նախագահ, գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը։
Երբ Քոչարյանը մտավ նիստերի դահլիճ, դահլիճում ներկաները, որոնք երկրորդ նախագահի աջակիցներն են, բացականչեցին. «Ա-զա-տու-թյուն, Ա-զա-տու-թյուն»։ Քոչարյանը հեռվից ձեռքով ողջունեց իր աջակիցներին։
Նիստն անցկացվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, ապակեպատ դահլիճում, որտեղ անցկացվել է «Սասնա ծռերի» գործով դատավարությունը։
Մեղադրանքը դատարանում կպաշտպանեն դատախազներ Կարեն Բիշարյանը, Պետրոս Պետոսյանը և Գևորգ Բաղդասարյանը։
Այս նիստի ընթացքում պետք է որոշվի մեղադրյալների կալանքի հարցը։ Մեղադրյալներից 3-ը՝ Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը, դատական նիստի անցկացման մասին ծանուցում չեն ստացել։
Այս գործով, հիշեցնենք, մեղադրյալներ են նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Պաշտպանությաննախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանը։
Գործը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նախկին բարձրաստճան պաշտոնյաներին, վերաբերում է 2008 թվականին երկրում սահմանադրական կարգը տապալելուն։ Այս գործով մեղադրյալ է նաև 2008-ին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, որն այժմ հետախուզման մեջ է։