13/05/2019 18:23
«Երբ բացվում է առավոտը». Ձախ Հարութի մասին վավերագրական ֆիլմ է նկարահանվել (Տեսանյութ)
Համացանցում հայտնվել է ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանին՝ Ձախ Հարութին նվիրված նոր վավերագրական ֆիլմ: «Երբ բացվում է առավոտը» ֆիլմը նկարահանել են «Positive» և «HK production»-ները: Սցենարի հեղինակն է Սոնա Ալեքսանյանը, բեմադրող ռեժիսորը՝ Հրաչ Քեշիշյանը:
Ֆիլմում ներկայացվում է Ձախ Հարութի անցած ստեղծագործական ճանապարհը, հատկապես շեշտադրվում են 1989 թվականին Հարութ Փամբուկչյանի՝ Հրազդան մարզադաշտում կայացած համերգները:
Հիշեցնենք, որ 1989 թվականին Հարութ Փամբուկչյանն ուղիղ 6 օր աննախադեպ համերգներով հանդես է եկել հենց այս մարզադաշտում՝ լեփ-լեցուն հանդիսատեսին պարգևելով բացառիկ երեկոներ: Այդ համերգներին մասնակցած սերունդները դրանք մինչ օրս մեծ սիրով ու ջերմությամբ են հիշում: Ձախ Հարութը համերգներից ստացած հասույթն այդ տարի ուղղեց բարեգործության՝ որպես աղետի գոտում տուժածներին օգնություն:
26 րոպե տևողությամբ ֆիլմում առկա են Ձախ Հարութի և նրա ընկերների հարցազրույցները: Ընդ որում, Ձախ Հարութի հարցազրույցները նկարահանված են խորհրդանշական Հրազդան մարզադաշտում: Ներկայացվում են բացառիկ կադրեր, որոնք մինչ այդ չեն հրապարակվել:
Ավելացնենք , որ ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը, հունիսի 30-ին, ժամը 19:00 Հրազդան մարզադաշտում կներկայանա բացառիկ համերգով:
«30 տարի անց Հրազդան մարզադաշտում» խորագիրը կրող համերգային երեկոյին արտիստը կներկայացնի ինքնատիպ համարներ: Համերգն այս խորհրդանշական մարզադաշտում անցկացնելու գաղափարը միջոցառման կազմակերպիչ «Yeghoyan Production»-ի ղեկավար, արտիստի պրոդյուսեր Խաչիկ Եղոյանինն է: