13/05/2019 16:43
Քոչարյանի պաշտպանական խումբն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Դավիթ Գրիգորյանին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայում՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, շարունակվում է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով նախնական դատական նիստը։ Քիչ առաջ Քոչարյանի պաշտպանական խումբը դատավոր Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց։
Մինչ այդ, նկատենք, որ դատավորը 40 րոպե ժամանակ էր տրամադրել պաշտպանական կողմին՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը պատրաստելու համար։
Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝ ներկայացնելով միջնորդությունը, հայտարարեց, որ դատավորը դատավարության կողմերի միջև հավասարություն չի ապահովում։ Ըստ փաստաբանի, դատավորին ինքնաբացարկ հայտնելու հիմքն այն է, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որը այս գործի կողմ է հանդիսանում, նիստերի դահլիճ է մտել դատավորի համար նախատեսված մուտքով։
Այնուհետև, ներկայացնելով ինքնաբացարկի 2-րդ հիմքը, փասաբան Ալումյանն ասաց, որ այսօրվա դատական նիստում հարցերի միջոցով կարողացել է հասկանալ, որ դատավորն այս կարճ ժամանակահատվածում չէր կարող ծանոթանալ քրեական գործի մեծածավալ նյութերին։
Նկատենք, որ Մարտի 1-ի մեծածավալ քրեական գործը մայիսի 7-ին էր մակագրվել դատավոր Դավիթ Գրիգորյանին, որից 6 օր անց որոշվեց անցկացնել նախնական դատական նիստ։
«Մեր հարցին ի պատասխան դատավորն, ըստ էության, չժխտեց, որ ծանոթ չէ քրեական գործի նյութերին»,- ընդգծեց Ալումյանը։
Ինքնաբացարկի մյուս՝ երրորդ հիմքն այն էր, որ Դավիթ Գրիգորյանի հարցը գտնվում է Բարձրագույն Դատական խորհրդի նիստի օրակարգում, հետևաբար այդ հանգամանքը կարող է խոչընդոտ հանդիսանալ դատավորի անկախության հարցում։
Նկատենք, որ դեռ ամիսներ առաջ Դավիթ Գրիգորյանը հրաժարվել էր քննել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը։
Այսօր արդեն ԲԴԽ-ն որոշեց կարգապահական վարույթ հարուցել դատավորի նկատմամբ՝ նրան հայտարարելով նախազգուշացում։
Մեղադրող դատախազներն առարկեցին պաշտպանների ներկայացրած միջնորդությանը և դրանում նշված հիմքերը համարեցին անհիմն։
Ավելին՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դրանք որակեց «երևակայական հիմնավորումներ»։
Դատական նիստին բացի Քոչարյանի պաշտպաններից ու դատախզներից՝ ՀՀ գլխավոր դատախազի գլխավորությամբ, ներկա են նաև Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը ու Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը։
Վահե Գրիգորյանը դիրքորոշում էր հայտնել դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին պաշտպանների միջնորդության կապակցությամբ, և Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը դատարանից փորձեց պարզել՝ ինչո՞ւ է Վահե Գրիգորյանը դիրքորոշում հայտնում, եթե կալանքի գործով նիստում ինքը որևէ կողմ չի ներկայացնում։
«Դատական նիստին բացի Ռոբերտ Քոչարյանից, նրա պաշտպաններից և դատախազներից որևէ անձ կողմ չի հանդիսանում», - հայտարարեց դատավոր Դավիթ Գրիգորյանն՝ ընդգծելով, որ դատական նիստը դռնբաց է և բոլորը կարող են մասնակցել նիստին, բայց դիրքորոշում չեն կարող հայտնել։
Մեղադրանքի կողմից դատարանում ներկա է դատախազական չորս հոգանոց խումբը՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի նախագահությամբ։
Նշենք, որ այս ընթացքում դահլիճում գտնվող Քոչարյանի համակիրները վանկարկում են «Դատախա՛զ, քեզ չենք վստահում», «Ազատություն նախագահին»։
Պարբերաբար լարված իրավիճակ է առաջանում դատական նիստերի դահլիճում, որը լեփ-լեցուն է։ Նույնիսկ մի պահ քաղաքացիների միջև հրմշտոց առաջացավ։