14/05/2019 19:26
Պնդում ենք, որ Մարտի 1-ին զոհված 10 անձանց մահվան հանգամանքները պետք է քննվեն ու պարզվեն. Հայկ Ալումյան (Տեսանյութ)
Ոչ մեկն իրավունք չունի հայտարարելու, թե Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտված է, մինչև բոլոր մահերը պարզված չլինեն, այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը:
Նրա խոսքով, իրենք այն քչերից են, որ պնդում են՝ 2008-ի Մարտի 1-ին զոհված 10 անձանց մահվան հանգամանքները պետք է քննվեն ու պարզվեն:
«Չերեմուխայի արդյունքում մարդիկ ստացել են վնասվածքներ, և նաև զոհվածներ են եղել, բայց երբ մենք խոսում ենք ուժի անհամաչափ կիրառման մասին, մենք խոսում ենք հետևյալի մասին՝ ի՞նչ է հրահանգվել, ինչպիսի՞ ուժի կիրառման մասին է եղել հրահանգը, և արդյոք այդ հրահանգը եղե՞լ է համաչափ ստեղծված իրավիճակին, թե՞ ոչ։ Այդ առումով մինչ հիմա հայտնի չէ՝ այս զոհվածների մահվան համար մեղավորներն ովքեր են, ո՞ր կողմից են եղել այդ կրակոցները:
Բացի չերեմուխայից մահացած անձանցից՝ մնացածի մահվան հանգամանքներն ընդհանրապես որևէ չափով պարզված չեն։ Պարզված չէ, թե որ կողմից է այդ մահը պատճառվել: Մենք ասում ենք՝ ո՞նց կարելի է ասել, որ պետությունը կիրառել է անհամաչափ ուժ այն դեպքում, երբ 187 մարմնական վնասվածք ստացած ոստիկաններ են եղել և 32 քաղաքացիներ», - ասաց նա:
Լրագրողը հետաքրքրվեց՝ ի՞նչ է կարծում, նիստը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը արդյոք կաշկանդվա՞ծ է, ինչին Ալումյանն արձագանքեց.
«Իսկ դուք հիմա պատկերացրեք, որ այն դատավոր Հրաչին մեկը հարցներ՝ «մեկը քեզ վրա ճնշում գործադրե՞լ է, թե՞ ոչ», իհարկե, նա ասելու էր` ոչ: Այն դատավորը, որի նկատմամբ ճնշում է գործադրվում, ամենաքիչն է հակված ասելու, որ իր նկատմամբ ճնշում է գործադրվում»:
Փաստաբանի ներկայացմամբ, եթե անգամ դատավորին առանձնահատուկ ոչ մեկը ոչ մի բան ասած չլինի, հնարավոր չէ, որ այդ մարդն իր վրա ճնշում չզգա ստեղծված իրավիճակից:
«Ճնշված զգալու վառ ապացույց է, թե քանի դատավոր է կարողացել այս գործն ինքնաբացարկով իր վրայից գցել ու գցել է», - ասաց փաստաբանը։