14/05/2019 19:47
ԱԱԾ-ն հայտնաբերել է ահաբեկչության մասին կեղծ ահազանգի հեղինակին
2019 թվականի մայիսի 14-ին` ժամը 14:10-ին, ՀՀ ոստիկանության թեժ գծին ահազանգ էր ստացվել, որ ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված:
ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ահաբեկչության մասին տրված ահազանգը կեղծ էր, տեղեկացնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից։
Ահազանգը կատարվել էր ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանքի տակ պահվող՝ ավազակության, յուրացման և փաստաթղթերի կեղծման համար մեղադրվող անձի կողմից:
ՀՀ ԱՆ ՔԿԾ աշխատակիցների հետ համատեղ կատարված չնախատեսված խուզարկության արդյունքում կալանավորի խցում հայտնաբերվել են «wi-fi» սարք, լիցքավորիչ և 5 բջջային հեռախոս, ինչպես նաև այն բջջային հեռախոսաքարտը, որով կատարվել է պայթուցիկի մասին կեղծ ահազանգը:
Ահաբեկչության մասին սուտ հաղորդման դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվում: