14/05/2019 17:20
Դատախազները ողջ ընթացքում թաքցրել են ԱԱԾ-ի նամակը. Ռոբերտ Քոչարյանը՝ դատարանում (Տեսանյութ)
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոսել է փետրվարի 28-ին Ազգային անվտանգության ծառայության՝ ոստիկանությանն ուղղված նամակի մասին, որը հիմք էր հանդիսացել Ազատության հրապարակում ոստիկանակն գործողությունների համար։
«Դատախազները կալանավորման բոլոր գործընթացներում ԱԱԾ-ի այդ նամակը թաքցրել էին դատավորներից։ Մենք դա հայտնաբերել ենք ընդհանուր քրեական գործը ստանալուց հետո։ Կարևոր է այն փաստը, որ դատախազները, ինչպես նաև քննիչը, թաքցրել են խափանման միջոցի հարցը քննած դատավորներից, և պաշտպանական կողմը հնարավորություն չի ունեցել այդ հարցի շուրջ դիրքորոշում հայտնել», - դատարանում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը՝ նայելով մերթ նիստը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանին, մերթ՝ մեղադրանքը ներկայացնող դատախազներին։
Բացի այդ, ըստ Քոչարյանի, պաշտպանական կողմին չեն ներկայացվել նաև ԱԱԾ-ի կողմից փետրվարի 24-ից մինչև մարտի 2-ը 300-350 էջ հավաքված նյութեր։
«Այս ամբողջ քրեական գործում ևս մեկ բան՝ ԱԱԾ-ից հարցաքննվել է միայն մեկ մարդ։ 800-ից ավելի մարդ են կանչելու որպես վկա, բայց միայն մեկ մարդ է ԱԱԾ-ից։ Սա ասում եմ՝ ուղղակի, որ գործի որակից պատկերացում ունենաք հենց այս փուլում», - հայտարարեց Քոչարյանը՝ դիմելով նիստը նախագահող դատավորին։