14/05/2019 15:35
ՀՔԾ-ն մերժել է Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործի հարուցումը
Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ՝ Գագիկ Ծառուկյանի կողմից անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ «Քաղաքացու որոշում» կուսակցության դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
«Նախապատրաստած նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցադեպի բացակայության հիմքով», - տեղեկացրեց Մ. Օհանջանյանը։
Հիշեցնենք՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացրած հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել էր Հատուկ քննչական ծառայություն։
«ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածով սահմանված կարգով ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցել քրեական հետապնդում՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 98-րդ հոդվածի 2-րդ մասը՝ պատգամավորի լիազորությունների դադարեցումը ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքերում»։
ՀՀ Սահմանդրության 95-րդ հոդվածի համաձայն՝ «Պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից»։
Բացի այդ, դատախազից խնդրել էին օրենքով նախատեսված կարգով անցկացնել քննություն` պարզելու ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով սահմանված հանցակազմի առկայությունը։