14/05/2019 15:08
Գործը դատարանում է և այս պայմաններում Քոչարյանի փախուստն արդեն հնարավոր է դառնում. Դատախազը ներկայացրեց կալանքի հիմքերը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Մարտի 1-ի գործով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նախնական դատական նիստը։ Դատարանում իրավական երկար քննարկումներից հետո վերջապես մեղադրանքը դատարանում պաշտպանող դատախազ Պետրոս Պետրոսանը ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքի հիմնավորվածությունը։
Ըստ դատախազ Պետրոսյանի, դատարանին բավարար է ուսումնասիրել քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության արխիվից առգրավված 2008 թվականի փետրվարի 23-ին Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի կողմից ստորագրված համապատասխան գաղտնի հրամանը, որպես վկաներ հարցաքննված մի շարք անձանց՝ Արշակ Կարապետյանի, Վարդան Հարությունյանի, Վալերի և Վիկտոր Պողոսյանների և մի շարք այլ անձանց հարցաքննության արձանագրությունները:
Դատախազը նկատեց՝ դատարանը կարող է ուսումնասիրել նախագահի կողմից 2008 թվականի հրավիրավիրված խորհրդակցությանը մասնակցած անձանց հարցաքննության արձանագրությունները, որոնք ևս հիմնավորում են առաջադրված մեղադրանքի հետ մեղադրյալի առնչությունը:
Նա նաև վկայակոչեց 2008 թվականի Քոչարյանի հեռուստատեսային նյութի տեսագրությունը, լազերային սկավառակները՝ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների զրահատեխնիկայի վերաբերյալ, ՀՀ ազգային արխիվից ստացած արտակարգ դրություն հայտարելու մասին 2008 թվականի մարտի 1-ի հրամանագիրը:
Անդրադառնալով կաշառքի դրվագին՝ դատախազ Պետրոսյանը նշեց, որ արարքի կատարման փաստը հիմնավորող նյութերն են Սիլվա Համբարձումյանի հարցաքննությունները, Սիլվա Համբարձումյանի, Վարդան Օսկանայնի և Սամվել Մայրապետյանի հետ տեղի ունեցած առերես հարցաքննությունների արձանագրությունները:
Այսիքանը ներկայացնելուց հետո դատախազ Պետրոսյանը նկատեց, որ գործը գտնվում է, ըստ էության, քննության փուլում և քննությունից թաքնվելու ռիսկերն ավելի բարձր են։ Դատախազի պնդմամբ, գործը դատարանում է և այս պայմաններում Ռոբերտ Քոչարյանի փախուստն արդեն հնարավոր է դառնում:
«Քրեական գործով թաքնվելու ռիսկերի հետ կապված մենք վկայակոչում ենք քրեական գործում առկա տեղեկությունները, մասնավորապես՝ մեղադրյալի հիմնական գործունեության վայրը հանդիսանում է Հայաստանից դուրս: Եվրոպական դատարանը բազմաթիվ վճիռներում անդրադարձել է անձի սոցիալական կապերին, դիրքին, նրա ֆինանսական միջոցներին և դրանք իրենց ամբողջության մեջ գնահատելով թե՛ թաքնվելու, թե՛ խոչընդոտելու ռիսկերն ավելի քան բարձրանում են:
Վերլուծելով էլեկտորնային սահմանյաին համակարգում նրա սահմանահատումների տվյալները, մեր ենթադրությունը ողջամիտ համարելու հիմքեր է տալիս։ Մեղադրանքի կողմի ապացույցների և հարցաքնված անձանց նկատմամբ անօրինական ազդեցություն գործելու ռիսկը բավականին բարձր է։ Համարում եմ, որ այս փուլում, բացի կալանավորումը, այլ խափանման միջոց ի զորու չէ չեզոքացնելու այլ անձնաց նկատմամբ անօրինական ազդեցության ռիսկը», - ասաց Պետրոսյանը:
Այնուհետև դատավոր Դավիթ Գրիգորյանը մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին լսելուց հետո վկայակոչեց մեղադրող դատախազի խոսքից մի հատված այն մասին, որ պաշտպանական կողմը դիմել է նախաքննական մարմնին՝ Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը ստանալու և երկրից հեռանալու թույլտվություն ստանալու համար ու հարցրեց.
«Դուք ասացիք, որ նախաքննական մարմինը մերժել է այդ պահանջը՝ դիտարկելով փախուստի ռիսկը։ Ի՞նչ նկատի ունեիք փախուստի ռիսկ ասելով։ Այսինքն, նա դիմում է ասելով՝ ես ցասնկանում եմ դիմել փախուսի՞։ Ի՞նչն եք դիտում որպես փախուստի ռիսկ»։
«Երկրի տարածքից դուրս գալու հնարավորությունն ենք մենք դիտարկել։ Վարույթն իրականացնող մարմինը կարող է օբյեկտիվ ենթադրություն ունենալ, որ մեղադրյալը կարող է դիմել փախուստի։ Այսինքն՝ կանխել ենք նրա փախուստի ռիսկը՝ հնարավորություն չտալով դուրս գալ երկրից», - պատասխանեց դատախազ Պետրոսյանը։
Դատավորը դատախազից հետաքրքրվեց նաև, թե կալանքի ժամկետը երկրարաձգելու մասին դատական ակտի (մարտի 15) կայացումից հետո կատարվե՞լ են քննչական գործողություններ, ձեռք են բերվե՞լ այնպիսի տվյալներ, որոնք կվկայեն կամ կփաստեն նշվածի մասին, ինչին դատախազ Պետրոսյանը հստակ պատասխան չտվեց՝ նշելով, որ գործի ամբողջ նյութերը ներկայացվել են դատարան, երբ քննարկվում էր խափանման միջոցը երկարացնելու մասին հարցը։