14/05/2019 17:01
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Սուրեն Գյանջումյանը. ստեղծվել է կառավարական հանձնախումբ
Այսօր առավոտյան 87 տարեկան հասակում Երևանում կյանքից հեռացել է պարուսույց, ՀՀ ժողովրդական արտիստ Սուրեն Գյանջումյանը, Aysor.am-ի հետ զրույցում լուրը հաստատեց պարուսույցի թոռը՝ կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանը:
Կոմպոզիտորի խոսքով՝ որևէ հիվանդություն պապիկը չուներ, միայն մի քանի տարի առաջ սրտի կաթված էր ստացել, ու վերջին շրջանում այդ խնդիրը նորից զգացնել էր տալիս:
Էդգար Գյանջումյանը նշեց, որ կառավարական հանձնախումբ է ստեղծվել, որը կկազմակերպի հոգեհանգստի և հուղարկավորության միջոցառումները:
Հանձնախումբը դեռևս որոշում չի տարածել, բայց, ըստ նախնական տեղեկությունների, հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝ քաղաքային պանթեոնում
Սուրեն Գյանջումյանը ծնվել է 1932 թվականին հունիսի 19-ին՝ Թուրքմենստանում:
1947-50 թթ. սովորել է Երևանի թիվ 2 արհեստագործական ուսումնարանում, 1966-77թթ` Սանկտ Պետերբուրգի արհմիութենական բարձրագույն դպրոցում:
1950-66թթ. աշխատել է էլեկտրաճշգրիտ սարքերի գործարանում` որպես խառատ:
1957թ. կազմակերպել և ստեղծել է էլեկտրաճշգրիտ սարքերի գործարանի պարի համույթը, 1958-83թթ ստեղծել և ղեկավարել է առևտրի տան երգի և պարի մանկապատանեկան անսամբլները:
1967-77թթ. դասավանդել է Երևանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանում` որպես ռիթմիկայի, պլաստիկայի պարարվեստի դասախոս:
1967-71թթ. ստեղծել և ղեկավարել է Երևանի Երկաթուղայինների մշակույթի կենտրոնի ժողովրդական պարի անսամբլը, 1965թ.-ին՝ համաշխարհային և միջազգային փառատոների բազմակի դափնեկիր «Կանազ» ժողովրդական պարի համույթը:
1973թ. ստեղծել ղեկավարել է հանրապետական և միջազգային փառատոների դափնեկիր «Գարուն» մանկապատանեկան պարային համույթը:
2009թ.-ից դասավանդել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի մանկավարժության ամբիոնում:
Եղել է Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության անդամ:
Բեմադրել է մի շարք պարային ստեղծագործություններ` «Բերդ», «Զմրուխտի», «Շորոր», «Ձախորդ որսորդներ», «Հայ քաջեր», «Շալախո», «Շատախի խաղ-պար», «Եղեգնաձորցիներ», «Օսեթական», «Մոլդովական», «Գնչուական», «Զուռնի-տրնգի», «Վրացական զույգ պար», «Նաիրյան աղջիկներ», «Էրեբունի» և այլն:
1984թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2004թ.՝ Երևանի պատվավոր քաղաքացու, 2007թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: