15/05/2019 18:15
Հրապարակվել են Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Արմեն Գևորգյանի ու Սեյրան Օհանյանի ցուցմունքները
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ պաշտպաական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը ներկայացրեց Մարտի 1-ի գործով մյուս մեղադրյալներ՝ Սեյրան Օհանյանի ու Արմեն Գևորգյանի ցուցմունքներից հատվածներ։
Հիշեցնենք՝ Սեյրան Օհանյանն այս գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու, իսկ Գևորգյանը՝ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու համար։
Մասնավորապես, Արմեն Գևորգյանի ցուցմունքից Ալումյանն ընթերցեց հետևյալ հատվածը.
«Նախագահ Ռոբերտ Քոչարյանը դիմել է ՊՆ և Զինված ուժերի ղեկավար կազմին՝ ասելով, որ Զինված ուժերը որևէ կերպ պետք է չմիջամտեն քաղաքական գործընթացներին, չներգրավվեն այդ գործընթացների մեջ, որ բանակում պետք է տիրի կարգ ու կանոն և վերջապես պետք է առավել ուշադիր լինել սահմաններում, Ադրբեջանի հետ շփման գծում տիրող իրադրության նկատմամբ, քանի որ չի բացառվում, որ Ադրբաջնի կողմից լինեն սադրիչ գործողություններ: Իմ հիշելով՝ նախագահը նաև նշեց պաշտպանության նախարարի տեղակալ Մանվել Գրիգորյանի մասին, ասելով, որ վերջինս պետք է որոշի՝ պաշտպանության նախարարի տեղակա՞լ է, թե՞ քաղաքական գործիչ: Ես ենթադրում եմ, որ նախագահի նման հայտարարությունը կապված էր հետընտրական գործընթացներին Մանվել Գրիգորյանի ղեավարած Երկրապահ կամավորական միության անդամների ենթադրյալ ներգրավվածությանը: Ինքը՝ Մանվել Գրիգորյանը, ներկա՞ է եղել խորհրդակցությանը, թե՞ ոչ՝ չեմ հիշում»։
Գևորգյանը նաև ասել է, որ չի հիշում արտակարգ դրություն հայտարարելու և բանակն օգտագործելու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություն, հետևաբար, այդ հարցի շուրջ ինքը ոչինչ ասել չի կարող:
Ինչ վերաբերում է պաշտպանության նախկին նախարար, 2008թ.-ին ԶՈւ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի ցուցմունքին, Հայկ Ալումյանը դրանից ընդհանուր մեջբերումներ արեց։
Նրա փոխանցմամբ, Սեյրան Օհանյանը նշել է, որ 2008 թվականի փետրվարի 23-ին խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ Զինված ուժերի մարտունակության խնդիրները, քանի որ դրա անհրաժեշտությունը կար, Զինված ուժերի զգոնության բարձրացման և հակառակորդի կողմից հնարավոր սադրանքների ու ոտնձգությունների հետ մղման հարցը, որն արտահայտվել է 2008 թվականի մարտի 3-ին տեղի ունեցած դիվերսիայով:
«Բոլոր հրահանգաները եղել են Զինված ուժերի մարտունակության և զգոնության բարձրացման վերաբերյալ: Նմանատիպ ցուցում տվել է նաև պաշտպանության նախարարը՝ Զինված ուժերի ղեկավարությանը և ենթակա անմիջական կառույցների հրամանատարներին», - իր ցուցմունքներում նշել է Սեյրան Օհանյանը։
Ավելի վաղ Aysor.am-ը ներկայացրել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշնյանի խորհրդական Արշակ Կարապետյանի ու ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ցուցմունքներից դրվագներ, որոնք ևս հրապարակվել էին այսօրվա նիստում։