15/05/2019 12:50
Եթե ոստիկանությունը ցանկանում է՝ #SutNikol հեշթեգը տարածվի Եվրոպական դատարանում, պետք է վարչական պատասխանատվության ենթարկի կոնկրետ անձանց. Մելիքյան (Տեսանյութ)
«Բլոգնյուզ»-ի խմբագրին Ոստիկանություն հարցաքննության կանչելը խոսքի ազատության ու ազատ արտահայտման խնդիր է, լրագրողների հետ զրույցում ասաց «Բլոգնյուզի» խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նշենք, որ Կոնստանտին Տեր-Նակալյանը հրավիրվել է Ոստիկանություն, որպեսզի մասնակցի #SutNikol ակցիայի կապակցությամբ հարուցված վարչական վարույթին:
«Սա հետաքրքիր է այն տեսանկյունից, որ մեր երկրում, մեր պատկերացմամբ, չպետք է արտահայտման ազատությունը, որը անհամաչափ չի արտահայտվել, որևէ պատասխանատվության ենթարկվի», - ասաց նա։
Ռուբեն Մելիքյանը նշեց, որ երկարատև աշխատանքի արդյունքում Հայաստանում հասել էին նրան, որ նման դեպքերի համար պատասխանատվություններ, կարծես թե, չէին կիրառվում։
«Առնվազն հանրային դաշտում մենք ծանոթ չենք նման դեպքերի», - ասաց փաստաբանը։
Մելիքյանն ասաց, որ այս գործը շատ լավ գործ կլինի Եվրոպական դատարանի համար, եթե վարչական պատասխանատվություն կիրառվի։
«Եթե մեր ոստիկանությունը ցանկանում է, որ #SutNikol հեշթեգը տարածվի Եվրոպական դատարանում, ապա, կարծում եմ, պետք է վարչական պատասխանատվության ենթարկի կոնկրետ անձանց», - ասաց նա։