15/05/2019 16:53
Արցախի նախագահները ասել են՝ կգան դատարան, բայց դեռ հայտնի չէ՝ երբ
Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն ասել են, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու երաշխավորությունը պնդելու համար կարող են դատարան գալ մայիսի 17-ին՝ օրվա երկրորդ կեսին։ Այս մասին դատարանում հայտարարեց Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Փաստաբանը նաև նշեց՝ եթե դատարանը հնարավորություն կտա, ապա Արցախի նախագահներն իրենց երաշխավորությունը կպնդեն հեռախոսակապի միջոցով։
Դատավոր Դավիթ Գրիգորյանը, սակայն, նկատեց, որ երաշխավորությունը պնդելու համար անհրաժեշտ է այն տվող անձանց ստորագրություն, ներկայություն և, բացի այդ, դատարանը պարտավոր է երաշխավորներին տեղեկացնել իրենց իրավունքների մասին։
Դատավոր Դավիթ Գրիգորյանը հինգ րոպե ժամանակ տվեց՝ պարզելու, եթե կարգապահական գումարտակն աշխատում է, շաբաթ՝ մայիսի 18-ին, կարո՞ղ են դատական նիստ հրավիրել և քննարկել Արցախի նախագահների երաշխավորությունը։
Ընդմիջումից հետո պարզվեց, որ շաբաթ օրն աշխատանքային չէ և հնարավոր չէ դատական նիստ կազմակերպել։
Դատավոր Դավիթ Գրիգորյանը պաշտպաններին հորդորեց Արցախի նախագահների հետ քննարկել վաղը՝ մայիսի 16-ին, դատարան ներկայանալու հնարավորությունը։
Պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանը խոստացավ պատասխան տալ վաղն առավոտյան։