15/05/2019 14:00
Դրան պետք է վերաբերվենք որպես զուտ մարդասիրական, գործընկերային և ընկերային հարաբերությունների արդյունքի. Ղուլյանը՝ Քոչարյանի գործով ԱՀ նախագահների դիմումի մասին
Այս հարցով յուրաքանչյուր նոր մեկնաբանություն կարող է հակասությունների առիթ դառնալ, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու մասին Արցախի Հանրապետության երկու նախագահների դիմումին՝ ուղղված ՀՀ դատախազին:
«Կարծում եմ՝ այն ինչ արդեն ասվել է, այն, ինչ ներկայացվել է, բավարար է հասկանալու համար, որ խոսքը ոչ թե դատավարության վրա որևէ ազդեցություն ունենալու, այլ կալանքը փոխելու հարցին է վերաբերում: Ուզում եմ, որպեսզի դրան վերաբերվենք որպես զուտ մարդասիրական, գործընկերային և ընկերային հարաբերությունների արդյունքի», - ասաց Ղուլյանը:
Արցախի գործող ու նախկին նախագահները դիմել էին Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով փոխել ՀՀ 2-րդ նախագահ, Արցախի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը: