15/05/2019 15:00
Արշակ Կարապետյանի ու մյուսների ցուցմունքները կհրապարակվեն դռնբաց. Դատարանը մերժեց դատախազի միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Մարտի 1-ի գործով Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով նախնական դատական նիստը շարունակվում է։ Մեղադրանքը պաշտպանող դատախազները միջնորդեցին դատական նիստն անցկացնել դռնփակ, սակայն պաշտպանական կողմը համաձայն չէր այդ միջնորդությանը։
Այդուհանդերձ, լրագրողներին ու նիստերի դահլիճում նստած քաղաքացիներին դատական կարգադրիչները դուրս հրավիրեցին, որպեսզի դռնփակ դատական նիստ անցկացնելու մասին միջնորդությունը նույնպես քննարկեն դռնփակ, ինչը պահանջում է Հայաստանի օրենսդրությունը։
«Դատախազությունն իր միջնորդությունը պատճառաբանում է նրանով, որ կարող է ցուցմունքներ հրապարակվեն, չնայած ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությունը հաստատվել, և նախաքննական գաղտնիքի խնդիր չկա։ Ավելին՝ հրապարակվող նյութերի մեջ պետական գաղտնիք հրապարակելու խնդիր չկա», - միջանցքում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Արամ Օրբելյանը։
Փաստաբանի պնդմամբ՝ դռնփակ դատական նիստ անցկացնելու որևէ հիմք չկա։ Պատճառն, ըստ Օրբելյանի, այն է, որ նախաքննությունն ավարտվել է, հետևաբար որևէ գաղտնիք հրապարակելու խնդիր չկա։
Նրա խոսքով, դատախազները միջնորդեցին դռնփակ անցկացնել նիստը, քանի որ պետք է հրապարակվեին վարչապետի խորհրդական, Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ցուցմունքներից դրվագներ։
«Հղում են անում այն հանգամանքի վրա, որ դատարանը պարտավոր է ապահովել միջոցներ, որպեսզի վկաներն անջատ հարցաքննվեն։ Դա բնական է՝ վկաները միասին դատարանում չեն պահվում, միասին չեն հարցաքննվում։ Բայց դա չի նշանակում, որ վկաների հարցաքննությունը կարող է անցկացվել դռնփակ։ Դռնփակ անցկացնելը կխաթարի թափանցիկ, արդար դատավարության իրավունքը», - ընդգծեց Արամ Օրբելյանը։
Նրա խոսքով, խափանման միջոցի հարցը քննվում է ամբողջ ծավալով, ինչպես եղել է նախաքննությունը, որպեսզի դատարանը պարզի խփանման միջոցի հիմքերի ու պայմանների առկայությունը։
«Դա պարզելու համար, ինչքան էլ դատախազությանը դուր չգա, չքննարկել պայմանների առկայությունը չի կարող։ Իմ կողմից եղավ առաջարկ՝ խափանման միջոցը վերացնել, ոչ մի բան չենք քննարկում և դատաքննության ընթացքում կքննարկենք մնացած հանգամանքները։ Բայց եթե պետք է սահմանափակվի անձի ազատության, տեղաշարժվելու իրավունքը, ապա պետք է այն սահմանափակվի օրինական ընթացակարգով, ինչը ենթադրում է որոշակի նյութերի հրապարակում», - նշեց Օրբելյանը։
Միջացնքում երկար սպասեցնելուց հետո դատարանը որոշեց մերժել դատախզների միջնորդությունը և նիստի մասնակիցներին հրավիրեցին ներս։ Նիստը կշարունակվի դռնբաց։