15/05/2019 11:59
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը տեղափոխվել է «Հոֆենհայմ»
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը տեղափոխվել է է «Հոֆենհայմ»։ Նա բացառիկ հարցազրույց է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին «Հոֆենհայմ» տեղափոխվելուց հետո:
- Սարգիս, ինչպե՞ս ստացվեց տեղափոխությունը «Հոֆենհայմ»:
- «Հոֆենհայմի» ներկայացուցիչները վաղուց էին հետևում իմ խաղին և արդեն 2 ամիս առաջ կապվել էին ինձ հետ: Բնականաբար, քանի դեռ մրցաշրջանի ավարտին դեռ շատ ժամանակ կար, տեղափոխությունն անհնար էր: Այդ պատճառով միայն հիմա հնարավոր եղավ հայտարարել տրանսֆերի մասին:
- Դուք դարձաք երկրորդ հայ ֆուտբոլիստը Հենրիխ Մխիթարյանից հետո, ով պայմանագիր է ստորագրում Բունդեսլիգայում հանդես եկող ակումբի հետ: Ի՞նչ զգացողություններ ունեք:
- Շատ հպարտ եմ, հատկապես, երբ հիշում եմ անցած ճանապարհս: Դեռ երկու տարի առաջ խաղում էի գերմանական 4-րդ Բունդեսլիգայում, բայց երկու շատ լավ տարի անցկացրի «Յան Ռեգենսբուրգում» և հիմա այստեղ եմ: Պետք է ամեն ինչ անեմ՝ իմ նոր ակումբում նորանոր հաջողությունների հասնելու և իմ խաղով հայ երկրպագուներին ուրախացնելու համար:
- Հատկապես ինչի՞ հաշվին հնարավոր եղավ այդպիսի մեծ առաջընթաց գրանցել:
- Միայն տքնաջան աշխատանքի: Երբեք չեմ հանձնվել, անդադար մարզվել եմ և հավատացել, որ մի օր կհասնեմ այս մակարդակի:
- Բունդեսլիգայում լրիվ այլ արագություններ ու մակարդակ է: Արդեն պատկերացում ունեք Ձեր նոր թիմի խաղաոճի և հնարավորությունների վերաբերյալ
- «Հոֆենհայմը» արդեն մեծ հաջողություւններ է գրանցել ինչպես Գերմանիայում, այնպես էլ Եվրոպայում՝ մասնակցելով նույնիսկ Չեմպիոնների Լիգային: Թիմը միշտ հարձակողական ոճի ֆուտբոլ է խաղում, ինչը շատ հոգեհարազատ է ինձ, քանի որ «Յան Ռեգենսբուրգը» ևս այդպիսի ֆուտբոլ էր դավանում: Ինչ վերաբերում է լիգաների միջև տարբերություններին, պետք է ասել, որ Երկրորդ Բունդեսլիգայում էլ հեշտ չէ խաղալը, բայց, բնականաբար, Բունդեսլիգայում ավելի բարձրակարգ ֆուտբոլիստներ են խաղում, իսկ թիմերը տակտիկապես ավելի գրագետ են:
- Արդեն հասցրե՞լ ես խորհուրդ հարցնել, կամ հարցնելո՞ւ ես Հենրիխ Մխիթարյանից, ով մեծ հաջողությունների է հասել Բունդեսլիգայում: Կապի մե՞ջ ես նրա հետ:
- Հենրիխն առաջիններից մեկը շնորհավորեց; Նշեց, որ շատ կարևոր քայլ եմ կատարել և արդեն իսկ մեծ բանի եմ հասել, բայց խորհուրդ տվեց չթուլացնել տեմպերը և շարունակել աշխատել նույն ոգով: Հենրիխն այն ֆուտբոլիստն է, ում խորհուրդները միշտ էլ կարելի է հաշվի առնել. նա գիտի հաջողության բանաձևը: