16/05/2019 19:53
Մարտի 1-ին զինծառայողները շփվել են ցուցարարների հետ, համազարկային կրակահերթ են արձակել. Դատախազ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը։ Այժմ ելույթի հերթը դատախազներինն է, որոնք դատարանում ներկայացնում են մեղադրանքը։
Դատախազ Պետրոս Պետրոսյանը հայտարարեց, որ պաշտպանական կողմը հակասական հայտարարություններ է անում 2008թ.-ի իրադարձություններում զինված ուժերի մասնակցության մասին։
«Պաշտպանության կողմը սկզբում հայտարարում էր, որ մենք որևէ տեղեկություն չունենք զինված ուժերը Երևան տեղափոխելու մասին, այդպիսի հանգամանք տեղի չի ունեցել։ Հետագայում ձևակերպոմները փոխվեցին՝ նշելով, որ զինված ուժերը բերվել են Երևան քաղաք, բայց որևէ ապացույց չկա, որ այդ զորքերը մինչև մարտի 1-ը օգտագործվել են։ Հետագայում, երբ գործի ամբողջ նյութերը տրամադրեցինք, պաշտպանական կողմում փոխվեցին ձևակերպումները, որ զինված ուժերն օգտագործվել են, բայց դրանց օգտագործումն իրավաչափ է եղել», - հայտարարեց դատախազ Պետրոսյանը։
Նա պնդեց, որ 2008թ.-ի փետրվարի 23-ի խորհրդակցությունից հետո Հայաստանի ԶՈՒ գրեթե բոլոր զորամիավորումներից համահավաք զինծառայողներ էին բերվում Երևան՝ քաղաքական իրադարձությունների կենտրոն։ Ըստ դատախազի, դա ներկայացվում է որպես զորանոցային վիճակ։
«Փետրվարի 23-ից զինված ուժերը նեգրավված են եղել քաղաքական պրոցեսների ճնշման փուլի մեջ, քանի որ դրանք տեղափովել են Երևան քաղաք ու դրա արվարձաններ, որտեղ ցույցը ճնշելու փորձարկումներ են իրականացվել։ Քաղաքական ընդդիմադիր ուժերին պիտակավորել են որպես ապակայունացնող ուժեր»
Դատախազն ընդգծեց, որ 113 մլն դրամ ոչ բյուջետային միջոցներից հատկացվել է զինծառայողներին վարձատրելու վրա։
«Ոչ միայն զինված ուժերը Երևան բերելով, այլև քաղաքական գործընթացները ճնշելու նպատակով, մարտի 1-ին տեղի է ունեցել խաղաղ ցույց անող անձանց՝ Ազատության հրապարակից ցրելու գործընթաց», - հայտարարեց դատախազը։
Ազատության հրապարակում ցույցի մասնակիցների մոտ զենքի առկայության մասին տեղեկության հիման վրա օպերատիվ ծառայողների կողմից օպերատիվ գործողությունները դատախազը որակեց «պրովոկացիա»։
«Այդ պրովոկացիայի մասին տեղյակ է եղել ՀՀ նախագահը», - ավելացրեց դատախազը։
Նրա խոսքով, Ազատության հրապարակում մարտի 1-ի առավոտյան լուսաբացին տեղի ունեցածը «հրահրել է քաղաքացիներին տեղակայվել Երևանի քաղաքապետարանի մերձակա տարածքում»։
«Այդ ընթացքում ԶՈւ ստորաբաժանումներն արդեն տեղակայված են եղել այդ տարածքում ու կատարել են գործողություններ։ Կարծիք հնչեց, որ ցուցարարների ու զինված ուժերի միջև բախում չի եղել, բայց քրեական գործի նյութերով ձեռք են բերվել ապացույցներ, որ զինծառայողները շփվել են ցուցարարների հետ, համազարկային կրակահերթ են արձակել՝ շուրջ մի քանի հարյուր զինծառայող», - հայտարարեց դատախազը։
Նա ավելացրեց, որ անհամաչափ ուժի կիրառումը և զենքի օգտագործումն ի սկզբանե նախատեսված է եղել փետրվարի 23-ից, երբ զինված ուժերը տեղափոխվել էին Երևան՝ իրենց զենք-զինամթերքով։
«Առաջադրված մեղադրանքը մեծածավալ է, համակարգված, և դա՝ ցանկացած հանգամանքի վերաբերյալ հիմնավոր ու, ըստ մեզ, ճշմատացի ցուցմունք տված յուրաքանչյուր անձի վրա ազդելու բարձր ռիսկ է առաջացնում, և դանով պայմանավորված, մենք գտնում ենք, որ այս փուլում կիրառված խափանման միջոց կալանքի անհրաժեշտությունն առկա է ու դրա շարունակությունը պետք է ապահովվի», - ընդգծեց ,մեղադրող խմբի ներկայացուցիչը։