16/05/2019 18:19
Ես պատերազմից չեմ փախչել, 100 ու մի վտանգներից չեմ փախչել, քննությունի՞ց պետք է փախչեմ. Ռոբերտ Քոչարյան (Տեսանյութ)
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, այն բանից հետո, երբ Արցախի նախագահները տվեցին իրենց երաշխավորությունը, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց՝ ինքը քննությունից փախչող չէ և իր համար վիրավորական է, որ դատախազությունն իրեն վերաբերում է որպես քննությունից փախչողի։
«Շատ վիրավորական է, երբ իմ նման կենսագրություն ունեցող մարդուն դատախազությունը համարում է փախչող։ Իրենք ո՞ւր էին։ Ես պատերազմից չեմ փախչել, 100 ու մի վտանգներից չեմ փախչել, քննությունի՞ց պետք է փախչեմ։ Ո՞վ են իրենք, ի՞նչ են իրենցից ներկայացնում։ Որ փախնող լինեի՝ այստեղ չէի լինի»,- հայտարարեց Քոչարյանը։
Դատավոր Դավիթ Գրիգորյանը միջամտեց և հորդորեց Քոչարյանին «զուսպ ու կոռեկտ հայտարարություններ» անել։
«Հարգելի՛ դատարան, իմ համար վիրավորական է, որ որևէ մեկն ինձ ասում է, թե կարող եմ փախչել։ Թշնամին մեջքս չի տեսել։ Ես համարում եմ, որ ինձ խստագույնս վիրավորել են։ Ինձ, հասկանո՞ւմ եք։ Ես փախչողը չեմ և ոչ էլ՝ որևէ վկայի վրա ազդող։ Իմ արժանապատվությունն ինձ թույլ չի տա», - հայտարարեց Քոչարյանը։
Այնուհետև՝ մատնացույց անելով դահլիճում նստած Արցախի նախագահներին, ավելացրեց.
«Այս մարդիկ իմ հետ ճանապարհ են անցել, ինձ համար վիրավորական է, որ իրենք այստեղ են»։