16/05/2019 19:04
ՀՀ-ԱՄՆ բարձր մակարդակի շփումները Հայաստանի համար շատ օգտակար կլինեն. Քաղաքագետ
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի այցը Միացյալ Նահանգներ յուրահատուկ է նրանով, որ, ըստ մամուլի հրապարակումների, Արմեն Գրիգորյանը հանդիպումներ է ունենալու Կենտրոնական հետախուզական վարչության և Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարների հետ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների մասնագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
Հարցին՝ հայ-ամերիկյան հարաբերություններում որքանո՞վ են հատկանշական այսօրինակ հանդիպումները, մեր զրուցակիցն արձագանքեց՝ հատկանշական կլինեն, եթե հանդիպումները ոչ թե զուտ արարողակարգային, այլ խորքային նշանակություն ունենան։
«Բարձր մակարդակի շփումները Հայաստանի համար շատ օգտակար կլինեն, հատկապես այն պաշտոնյաներ հետ, որոնք հասկանում են շփումների կարևորությունը։ Այսինքն՝ հայ-ամերիկյան հանդիպումները ոչ թե ինքնանպատակ պետք է լինեն, այլ բովանդակություն ունենան։ Միաժամանակ, ես կցանկանայի, որ հանդիպումներ տեղի ունենային ոչ միայն ԱԽ քարտուղարի, այլև կառավարության անդամների, պատգամավորների, մակարդակով»,- ասաց քաղաքագետն՝ իր այս դիրքրոշումը բացատրելով նրանով, որ Անվտանգության խորհուրդն այս պահի դրությամբ անբովանդակ կառույց է։
Հիշեցնենք, որ մեկնարկել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
ԱԽ քարտուղարը Սպիտակ Տանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ օգնական ու ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի ու Ռուսաստանի հարցերով ավագ տնօրեն Ֆիոնա Հիլլի հետ։