16/05/2019 10:04
«168 Ժամ». Աբովյանում իրավիճակն օր օրի ավելի է լարվում
«168 ժամ» թերթը գրում է, որ Աբովյանի քաղաքապետի արտահերթ ընտրությունները, ինչպես հայտնի է, տեղի կունենան հունիսի 9-ին: Աբովյանում իրավիճակն օր օրի ավելի է լարվում, կրքերը թեժանում։ Իշխանությունները, այդ թվում՝ իշխանական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի միջոցով քայլեր են ձեռնարկվում գործող քաղաքապետ և քաղաքապետի թեկնածու Վահագն Գևորգյանի նկատմամբ։ ԶԼՄ-ները բազմիցս անդրադարձել են տիրող իրավիճակին և իրավապահ մարմինների կողմից Աբովյան համայնքում անցկացվող լայնածավալ ստուգումների մասին։ Այս կապակցությամբ «168 Ժամ»-ը հարց է ուղղել Վահագն Գևորգյանին։
«Այո, իսկապես, արդեն մի քանի ամիս է, ինչ իրավապահ տարբեր մարմիններ՝ Դատախազությունը, ոստիկանությունը, քննչական մարմիններն ինչ-որ հաղորդումների հիման վրա, որոնք հստակորեն ուղղորդվում են մի կենտրոնից, լայնածավալ միջոցառումներ են իրականացնում համայնքապետարանում։ Ստուգում են ամեն ինչ, քրքրում են մանրակրկիտ կերպով, ճիշտն ասած, չգիտեմ՝ ինչ են ման գալիս։ Ստուգել են ավելի քան 6 մլրդ բյուջեն, սոցիալական ծրագրերը, մեր մարզի «հարգարժան» մարզպետի հաղորդումների հիման վրա տակնուվրա են արել աճուրդների հետ կապված փաստաթղթերը, իրավական և մասնագիտական հսկողության անվան տակ մարզպետարանից գործուղված ռևիզորների կազմած փաթեթները։ Թող փնտրեն, ինչքան ցանկանում են, ես մի բան կարող եմ միայն ասել՝ իմ խիղճը հանգիստ է, ձեռքերս մաքուր են, հավատս՝ անսպառ, որ ամեն ինչ լավ է լինելու», - ասել է նա: