16/05/2019 13:46
Մայիսի վերջին նախնական պատկերը հստակ կլինի. Պետք է սպասել վերջնական պատասխաններին. Ավինյանը՝ Ամուլսարի մասին
Ըստ նախնական պայմանավորվածության՝ Քննչական կոմիտեին է հանձնվելու մայիսի վերջին «Էլարդ» ընկերության կողմից հիդրոերկրաբանական հետազոտության նախնական արդյունքները, կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով Ամուլսարի ներդրումային ծրագրին:
«Մայիսի վերջին արդեն նախնական պատկերը հստակ կլինի», - ասաց նա:
Փոխվարչապետը կարծում է, որ ըստ այդ հետաոզոտության արդյունքների, կառավարությունը համապատասխան իր դիրքորոշումը կհայտնի:
«Պետք է սպասել վերջնական պատաասխաններին», - ասաց նա:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե ծրագիրն ինչ հանգուցալուծում է ունենալու, Տիգրան Ավինյանը նշեց, որ բոլոր հնարավոր հարթակներից հնչեցրել են, որ որևէ տնտեսվարողի նկատմամբ խտրական վերաբերմունք չկա ու չի կարող լինել:
«Հետևապես, եթե բնապահպանական որևէ խնդիրներ չի առաջացնում կամ այն խնդիրները, որոնք ընկերության ու մեր կողմից վերահսկելի են, ընկերությունը շարունակելու է իր գործունեությունը», - ասաց նա:
Հարցին, թե հետագա ներդրողների վրա ինչ-որ անդրադարձ կարո՞ղ է ունենալ այս ամենը, փոխվարչապետն ասաց, որ կառավարությունն, առաջին հերթին, առաջնորդվում է ՀՀ ժողովրդի շահերով:
«Բոլոր այն ռիսկերը, որ կան, մեզ համար բացահայտված չեն ու հուսով ենք, որ հետազոտությունը բոլոր ռիսկերի պատասխանները տալու է», - ասաց Տիգրան Ավինյանը:
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր եզրակացություն իր հետևանքներն է ունենալու՝ լինելու են կողմ ու դեմ խմբեր: