16/05/2019 19:20
Հայաստանում Բելառուսի մշակույթի օրեր կանցկացվեն
«ՀՀ Մշակույթի նախարարության և Բելառուսի Մշակույթի նախարարության միջև 2019-2022 թթ. համագործակցության մասին» ծրագրի շրջանակում 2019 թվականի մայիսի 16-19-ը Հայաստանում կանցկացվեն Բելառուսի մշակույթի օրեր:
Հայաստանում Բելառուսի մշակույթի օրերի ծրագրի մեկնարկը կտրվի մայիսի 17-ին, ժամը 16:00-ին` Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում: Կցուցադրվեն Նապոլեոն Օրդայի գրաֆիկական աշխատանքները և Բելառուսի ազգային պատմության թանգարանի ժողովրդական արհեստների ու ստեղծագործության հավաքածուն:
Հայաստանում Բելառուսի մշակույթի օրերի բացման գալա համերգը կկայանա մայիսի 17-ին, ժամը 19:00-ին` Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` Բելառուսի պետական ակադեմիական պարային համույթի, Ալենա Լանսկայի և Իսկուհի Աբալյանի, «Աուրա» խմբի մասնակցությամբ:
Համերգի ընթացքում կներկայացվի նաև Բելառուսի զբոսաշրջային ներուժի մասին պատմող տեսանյութ:
Համերգին զուգընթաց թատրոնի նախասրահում կգործի «Դեպի լեռների և սրընթաց գետերի երկիր…» խորագրով ցուցահանդեսը` նվիրված Յանկա Կուպալայի արվեստին:
Հայաստանում Բելառուսի մշակույթի օրերի ծրագիրը կեզրափակվի մայիսի 18-ին, ժամը 19:00-ին` Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության դահլիճում`«Բելառուսֆիլմ» ստուդիայի արտադրության «Պատերազմ. մարդ մնալ» ֆիլմի ցուցադրությամբ: