16/05/2019 13:00
Սյուզաննա Աղամալյանն ու Մերի Առակյանը՝ միրզոյանական 6-րդ մրցույթի հաղթողներ
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մայիսի 11-13-ը կայացել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 6-րդ մրցույթը:
Մրցույթի կազմակերպիչն էր Հայաստանի կոմպոզիտորների միությունը, գործընկերներն են` Երևանի քաղաքապետարանը, «Էդվարդ Միրզոյան» հիմնադրամը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան:
Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթն անցկացվում է 2014 թվականից, որի նպատակն է հնարավորություն ընձեռել պատանի կոմպոզիտորներին` դրսևորվելու, ներկայացնելու իրենց ստեղծագործություններն ու դառնալու կոմպոզիտորական մեծ ընտանիքի մի մասնիկը:
Փակ քննարկման արդյունքում մրցութային փուլին մասնակցության իրավունք են ստացել 10 պատանի ստեղծագործող՝ բաժանվելով երկու խմբի (կրտսեր խումբ՝ մինչև 13 տարեկան, ավագ խումբ՝ 14-ից 18 տարեկան): Նշենք, որ մրցույթին մասնակցել են նաև հայազգի ստեղծագործողներ Ֆրանսիայից, Լիբանանից և Ռուսաստանի Դաշնությունից:
Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթի հանձնաժողովի կազմում ընդգրկված էին անվանի կոմպոզիտորներ՝ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանը, ՀՀ ժողովրդական արտիստներ Մարտին Վարդազարյանը, Երվանդ Երզնկյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ Էդուարդ Հայրապետյանը, Լևոն Չաուշյանը, ԵՊԿ պրոռեկտոր Արամ Հովհաննիսյանը, ինչպես նաև մրցույթի գեղարվեստական ղեկավար Էդմոնդ Մակարյանը:
Մրցույթի գալա համերգն ու մրցանակաբաշխությունը կայացել է մայիսի 13-ին` Հայաստանի կոմպոզիտորների միության դահլիճում:
Համաձայն հանձնաժողովի որոշման՝ ավագ խմբում առաջին հորիզոնականը չի զբաղեցվել: Կրտսեր խմբում հաղթողի կոչումը կիսել են Սյուզաննա Աղամալյանը և Մերի Առակյանը: Վերջինս նաև արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակի:
Կրտսեր խմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Էդուարդ Ալեքսանյանը, իսկ երրորդ հորիզոնականը՝ Էդգար Մխիթարյանը։
Ավագ խմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Էրիկա Մարկոսյանը, իսկ երրորդ հորիզոնականը կիսել են Էմիլի Հովհաննիսյանը (Ֆրանսիա) և Ռուբեն Ավագյանը: