17/05/2019 20:26
Դերասանուհին հուշարարին չի ապտակել, դեպքն ուռճացված է. Վանաձորի թատրոնի տնօրենը հերյուրանքի համար պատրաստ է դատարան դիմել
Ապտակի մասին խոսք լինել անգամ չի կարող, պարզապես աշխատանքային փոքրիկ միջադեպ է եղել, որն ուռճացվել է լրատվամիջոցի կողմից, անգամ պատրաստ եմ բողոքել խմբագրության հրապարակման դեմ, որ գործ հարուցեն՝ հերյուրանքի համար, Aysor.am-ի հետ զրույցում` անդրադառնալով Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում օրերս տեղի ունեցած միջադեպին, ասաց թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Սահակյանը:
«Քիչ առաջ թատրոնի բոլոր աշխատակիցներին իմ աշխատասենյակ էի հրավիրել: Միայն հուշարարի՝ Մերի Փարեմուզյանի հետ եմ հեռախոսով զրուցել, քանի որ իր տատիկն էր մահացել, չէր եկել: Այո՛, փոքրիկ վիճաբանություն եղել է, գուցե, դերասանուհին մի քիչ կոպիտ հրել է, բայց բոլորն, ովքեր ներկա էին եղել միջադեպին, միաբերան հերքեցին, թե ապտակել է: Առաջին հերթին դա պատիվ չի բերում հանրապետության վաստակավոր արտիստուհուն: Բա որ նա որոշի՞ իր անվան հետ խաղալու համար դիմել դատարան: Իսկապես, ապտակ չի եղել, վստահ եմ՝ ինձ ոչ-ոք չի խաբել», - ասաց Լ. Սահակյանը:
Տեղեկացնենք, որ ArmDaily.am-ի տեղեկություններով՝ «Չար ոգի» ներկայացման ժամանակ ՀՀ վաստակավոր արտիստուհի Հասմիկ Ալեքսանյանը ետնաբեմում ապտակել է թատրոնի հուշարարին, քանի որ վերջինս ոչ թե դերասանուհու պահանջած ռեկվիզիտ սկուտեղն է փոխանցել նրան, այլ՝ մեկ ուրիշը: Դրանից հետո հուշարարն արտասվելով հեռացել է:
Տնօրենը չգիտի՝ ով է թատրոնում տեղի ունեցած միջադեպը դուրս հանել, այն էլ՝ չափազանցված: Ասում է՝ իր համար մտահոգիչ է, որ թատրոնում նման դեպք է տեղի ունեցել, առավել մտահոգիչ, որ դա թատրոնի պատերից դուրս է եկել:
«Սա այնպիսի դեպք չէր, որ պետք էր աղմուկ բարձրացնել, հանրայնացնել, չլուծվող հարց չէր: Գուցե, թատրոնը նախկիւնում ունեցել է «չոփը գերան դարձնելու» ավանդույթ, բայց այլևս այդպիսի բան չի լինելու, չի կարելի»,- Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Լուսինե Սահակյանը: