17/05/2019 19:20
Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Տիգրան Գալստյանն ընդունել է Բելառուսի մշակույթի նախարարի տեղակալին
Մայիսի 17-ին ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի է ունեցել Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Տիգրան Գալստյանի և Բելառուսի մշակույթի նախարարի տեղակալ Սերգեյ Շերեմետևի, Բելառուսի մշակույթի նախարարության միջազգային համագործակցության և տեղեկատվական աջակցության բաժնի խորհրդատու Վիկտորիա Վալչուկի և ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկի հանդիպումը:
Ինչպես տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են մշակույթի ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
Հայաստանի և Բելառուսի միջև բարեկամական հարաբերությունները երկար տարիների պատմություն ունեն և մշակույթի ոլորտը փոխգործակցության առավել հաջող ոլորտներից մեկն է հանդիսանում: Դրա մասին են վկայում վերջին տարիներին կազմակերպված փոխադարձ մշակույթի օրերը և լայնամասշտաբ ցուցադրությունները, մասնավորապես` Բելառուսի ազգային գեղարվեստի թանգարանում 2017 թվականին Փարավոն Միրզոյանի՝ «Հայկական ուրվապատկեր», և 2018 թվականին՝ «Հայկական գունապնակ» խորագրի ներքո ցուցահանդեսները, 2018 թվականին Երևանում Յանկա Կուպալայի՝ «Դեպի լեռների և սրընթաց գետերի երկիր…» խորագրով ցուցահանդեսը:
Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Տիգրան Գալստյանը հույս հայտնեց, որ «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2019-2022 թթ. համագործակցության մասին» ծրագրի հիման վրա ս. թ. մայիսի 16-19-ն անցկացվող Հայաստանում Բելառուսի մշակույթի օրերի ծրագիրը հաջող ընթացք կունենա, իսկ մայիսի 17-ին կայանալիք բելառուսական արվեստի վարպետների գալա համերգը մեծ ուրախություն կպարգևի հայ հանդիսատեսին ու առաջիկա օրերի ընթացքում բազմաթիվ այցելուներ կմասնակցեն բելառուս ժողովրդի մշակութային ժառանգության յուրօրինակ բազմազանության և հարստության ցուցադրությանը նվիրված միջոցառումներին: