17/05/2019 11:31
Մետրոպոլիտենի տնօրենն աշխատանքից ազատման դիմում ներկայացրել է անձնական նկատառումներով
Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանն աշխատանքից ազատման դիմում ներկայացրել է անձնական նկատառումներով՝ կենսաթոշակային տարիքի լրանալուց հետո, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը։
«Փայլակ Յայլոյանը մետրոյի նվիրյալներից է եղել, իր կյանքի լավագույն տարիները նվիրել է մետրոպոլիտենի կայացմանը։ Վերջին 4 տարիների ընթացքում նա նույնիսկ հանգստի չէր մեկնել։ Այժմ նա, սեփական դիմումի համաձայն, գնում է վաստակած հանգիստը վայելելու», - նշեց մեր զրուցակիցը։
Տաթևիկ Խաչատրյանի տեղեկացմամբ՝ այսօր Փայլակ Յայլոյանի աշխատանքային վերջին օրն է, և արդեն երկուշաբթիից տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կկատարի վերջինիս տեղակալ, երթևեկության մասնաճյուղի պետ Գևորգ Ավետիսյանը։
Ինչ վերաբերում է նոր տնօրենի նշանակման կարգին, մեր զրուցակիցը նշեց, որ մետրոպոլիտենի նոր ղեկավար նշանակելու իրավասությունը պատկանում է Երևանի քաղաքապետին։