18/05/2019 12:11
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի գրառումը սահմանադրական կարգը տապալելու ուղիղ կոչ է. Հայկ Ալումյանը դիմում է ՀՀ նախագահին և վարչապետին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանն այսօր հրատապ մամուլի ասուլիս է հրավիրել, որում անդրադարձել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառմանը։
«Իրավիճակը ծայրահեղ լարվել է։ Այսօր առավոտյան մենք ստացել ենք տեղեկություն այն մասին, որ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է հորդոր-կոչ իրենց աջակիցներին, որն ունի հետևյալ տեսքը.
«Չի կարելի թույլ տալ, որ Երևան քաղաքը տանկերով գրաված, 10 քաղաքացիների կյանք խլած, հազարավոր մարդկանց ճակատագրեր խեղած մարդուն ազատ արձակեն Ղարաբաղի 2 նախագահների երաշխավորությամբ և 20-30 աջակիցների կողմից դատարանի բակում «Ազատություն հերոսին» ակցիաների ճնշման տակ»»,- ասաց Հայկ Ալումյանը՝ մեջբերելով Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը։
Նրա խոսքով՝ այդպիսիով պատգամավորը կոպտորեն խախտում է Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը։
«Նույնիսկ Հատուկ Քննչական ծառայությունը Ռոբերտ Քոչարյանին 10 մարդկանց կամ նրանցից մեկի կյանքը խլելը չի վերագրում։ Հայկ Սարգսյանը՝ լինելով ԱԺ պատգամավոր, իշխող կուսակցության խմբակցության ներկայացուցիչ, այսպիսի կոչերով է հանդես գալիս։ Սա ի՞նչ է, եթե ոչ դատարանի նկատմամբ ամենաբիրտ, ուղիղ ճնշում։ Սրանից հետո մեզ պետք է ասե՞ն, որ Հայաստանում այլևս բացառված են դատարանների նկատմամբ ճնշումներ։ Այս թեզը հեքիաթ է», - հայտարարեց Հայկ Ալումյանը։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը նշեց, որ Հայաստանում դատարանների նկատմամբ ճնշումներն ահագնացել են վերջին մեկ տարվա ընթացքում։
Նա կոչով դիմեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և իրավապահ մարմիններին.
«Մեծարգո պարոն Սարգսյան, կոչ եմ անում կատարել Սահմանադրությամբ Ձեզ վրա դրված պարտականությունը, այն է՝ ապահովել սահմանադրական կարգը։ Իսկ այն, ինչ իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է պարոն Սարգսյանը, և այն, ինչ հիմա ամբողջ ֆեյսբուքով իրենց կողմնակիցների միջոցով տարածվում է, ոչ այլ բան է, քան սահմանադրական կարգը տապալելու ուղիղ կոչ։ Այսինքն՝ հավաքված ժողովրդի կողմից դատավորի նկատմամբ ճնշում գործադրել, որպեսզի դատավորը շարունակի Ռոբերտ Քոչարյանին պահել կալանքի տակ։
Հարգելի գլխավոր դատախազ, ես Ձեզ կոչ եմ անում ընդունել այս հայտարարությունը՝ որպես հաղորդում հանցագործության մասին, և քրեական գործ հարուցել այն փաստի առթիվ, որ ոմն անձ փորձ է կատարել ճնշում գործադրել դատարանի նկատմամբ՝ իրեն ցանկալի դատական ակտը ստանալու նպատակով»։
Դիմելով ոստիկանապետին՝ ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանը կոչ արեց անհապաղ միջոցներ ձեռնարկել, որպեսզի այդ հավաքը տեղի չունենա։
Հայկ Ալումյանը դիմեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Մեծարգո պարոն վարչապետ, մեզ բոլորիս հայտնի է, որ այս անձինք որևէ նման հայտարարույթուն չեն անի, եթե դրա համար չլինի Ձեր հավանությունը։ Պարոն վարչապետ, կոչ եմ անում թույլ չտալ, կանխել այս զարգացումները»։