18/05/2019 14:44
Մոլդովայում տեղի ունեցած միջազգային փառատոնից հայ երիտասարդ կինոռեժիսորները 4 մրցանակով են վերադարձել
Օրերս Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում տեղի ունեցավ «Կլասսֆեստ» միջազգային փառատոնը, որտեղ Հայաստանը ներկայացնում էին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներ, երիտասարդ կինոռեժիսորներ Մաննեն («Ադապտացիա»), Շուշան Ստեփանյանը («Thank you») ու Գարուշ Ղազարյանը («Me»):
Նրանք իրենց հետ Մոլդովայից 4 դիպլոմ բերեցին՝ «ստիպելով», որ բեմում 4 անգամ հնչի Հայաստան անունը:
«Ադապտացիա» ֆիլմը պարգևատրվածների շարքում էր՝ «Լավագույն հայկական ֆիլմ» անվանակարգում: Հատկանշական է, որ այն ցուցադրվել է ավելի քան 23 երկրներում, ստացել տասնյակ մրցանակներ:
«Այս փառատոնում մեզ դուր եկավ անկեղծությունը: Բոլորը փոխանակում էին անկեղծ կարծիքներ և որոշումներ կայացնում միասնաբար: Հենց դրա արդյունքում էր, որ մենք ստացանք չորս դիպլոմ», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Մաննեն:
Փառատոնին ներկա էին տարբեր ազգերի ներկայացուցիչներ՝ Մոլդովայից, Ուկրաինայից, Ռումինիայից, Ադրբեջանից, Ռուսաստանից, Բելառուսից, Գերմանիայից, Իտալիայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Լեհաստանից:
Փառատոնի շրջանակներում տեղի ունեցան վարպետաց դասեր, մասնակիցները դիտեցին ու քննարկեցին տարբեր ֆիլմեր։
Նկատենք, որ հայկական ծրագրում գերակշռում էին վավերագրական ֆիլմերը, որոնք կինոգետների առանձնակի ուշադրությանն ու դրական արձագանքին արժանացան: