19/05/2019 19:51
Նիկոլ Փաշինյանը կոչ է արել արգելափակել բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել վաղը առավոտյան ժամը 08.30-ից արգելափակել «հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի»:
«Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում», - գրել է նա Facebook-ի իր էջում։
Նա նաև նշել է, որ վաղը ժամը 12.00-ին կհայտարարի «Հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարեւոր փուլի մեկնարկը»:
«Ակնկալում եմ համաժողովրդական աջակցություն», - նշել է Փաշինյանը։
Այս հայտարարությունը արվել է, երբ Երևանում դատարանը որոշեց փոխել սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը, և նրան ազատ արձակեց Արցախի գործող և նախկին նախագահների միջնորդությամբ։
Ավելի վաղ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը հայտարարել էր, որ իշխանությունները վճռական են երաշխավորելու բոլոր ընթացակարգերի բացառապես օրինական ընթացքը:
«Այլ հարց է, որ տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխություններից հետո, Հայաստանում գործում է հին դատական համակարգը, որի որոշումների նկատմամբ հանրության վստահության աստիճանը չի փոխվել», - գրել է նա Facebook-ում։