20/05/2019 18:36
ԼՀԿ ստորագրահավաքին չենք միանալու. կային դրվագներ, որոնց ձևակերպումներն ընդունելի չէին. Լիլիթ Մակունց (Տեսանյութ)
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը չի միանա ԱԺ արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ ԼՀԿ նախաձեռնած ստորագրահավաքին.
«Այդ ստորագրահավաքին չենք միանալու, որովհետև մեզ համար կային որոշակի դրվագներ, որոնց ձևակերպումներն ընդունելի չէին», - լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Նա նշեց՝ իրենք մտադիր են հանրային քննարկում կազմակերպել անցումային արդարադատության թեմայով, որի անցկացման ժամանակացույցի մասին առաջիկայում կհայտարարվի:
Դիտարկմանը՝ եթե խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերը կարողանան բավարար չափով ստորագրություններ հավաքել և արտահերթ նիստ գումարել, արդյոք քաղաքական մեծամասնությունը քվորում կապահովի, Մակունցն ասաց.
«Մենք այդ պարագայում ոչ մի այլ անելիք չունենք, քան հետևել օրենքներին և օրինակարգին»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ սկսում է ստորագրահավաք ԱԺ արտահերթ նիստ գումարելու և դրանում այսօր առավոտից վարչապետի առաջարկով դատարանների մուտքերը փակելու հարցը քննարելու համար:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը նշել էր, որ իրենք ստորագրահավաքին միանալու վերաբերյալ դեռևս որոշում չունեն։