20/05/2019 13:16
Ժամը 10:00-ի դրությամբ վարչապետի կոչին արձագանքել է մոտ 1100 մարդ, բոլոր դատարանների մուտքերը փակ են
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կոչ էր արել քաղաքացիներին մայիսի 20-ի առավոտյան ժամը 8:30-ից արգելափակել բոլոր դատարանների մուտքերը և թույլ չտալ որևէ մեկի մուտք գործել դատարաններ:
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հասարակական կազմակերպությունը փորձել է պարզել՝ ինչպես են արձագանքել քաղաքացիները վարչապետի կոչին:
Այսպես, ժամը 8:40-ից.
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բոլոր մուտքերը փակ են: Այստեղ հավաքված է մոտ 150 ցուցարար, 4 մեքենա արգելափակել է դատարանի գլխավոր մուտքը: Ցուցարարների թիվն այստեղ գնալով ավելացել է՝ հասնելով մոտ 300-ին, որոնք ոչ մեկի թույլ չեն տալիս ներս մտնել: Այստեղ է նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը:
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ հավաքվել է մոտ 80 ցուցարար, նրանց թվում է ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը, Ավելի ուշ ցուցարարների թիվը հասել է մոտ 150-ի, նրանց են միացել«Իմ քայլի» պատգամավորներ Հայկ Կոնջորյանը, Տաթևիկ Հայրապետյանը, Մխիթար Հայրապետյանը:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի բոլոր մուտքերն արգելափակված են, այստեղ հավաքված է մոտ 50 ցուցարար, նրանց թվում են պատգամավորներ Արմեն Փամբուխչյանը և Հակոբ Սիմիդյանը:
Վարչական վերաքննիչ դատարանի շենքի մոտ ցուցարարների թիվը հասնում է մոտ 20-25-ի, նրանց թվում են պատգամավորնե Սարգիս Խանդանյանը և Քրիստինե Պողոսյանը:
Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ ցուցարարների թիվը հասել է մոտ 140-150: Այստեղ են նաև «Իմ քայլի» պատգամավորներ Արման Եղոյանը և Նիկոլայ Բաղդասարյանը:
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ վաղ առավոտյան շուրջ 20 մարդ փակել է դատարանի թե ծառայողական, թե՛ հիմնական մուտքերը։ Ավելի ուշ ցուցարարների թիվը հասել է մոտ 40-ի:
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մուտքերը նույնպես փակ են: Այստեղ հավաքված է 80 մարդ, մեքենաներ, որոնք բարձր երաժշտություն են միացրել: Այստեղ են նաև «Իմ քայլի» պատգամավորներ Լիլիթ Մակունցը և Վահագն Հովակիմյանը:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի և Վարչական դատարանի մուտքի մոտ հավաքվածների թիվը հասնում է մոտ 150-ի: Նրանք արգելափակել են բոլոր մուտքերը և թույլ չեն տալիս որևէ մեկին մուտք գործել շենք, չնայած ոստիկանների կոչին: Այստեղ են «Իմ քայլի» պատգամավորներ Գևորգ Պապոյանը և Բաբկեն Թունյանը:
Բարձրագույն դատական խորհրդի դիմաց հավաքվել է քիչ՝ մոտ 7-10 մարդ, որոնց, սակայն, հաջողվել է արգելափակել մուտքը:
Վճռաբեկ դատարանի մոտ հավաքված է շուրջ 50 ցուցարար, դատարանի բոլոր մուտքերը փակ են, այստեղ է պատգամավոր Մարիա Կարապետյանը։
Փակ են նաև Սահմահանադրական դատարանի մուտքերը, այստեղ ցուցարարների թիվը հասնում է 150-ի:
Այսպիսով, ժամը 10:00-ի դրությամբ, վարչապետի կոչին արձագանքել է մոտ 1100 մարդ, բոլոր դատարանների մուտքերը փակ են:
Ցուցարարներից բացի՝ հավաքված են մեծ թվով ոստիկաններ: Գրեթե բոլոր դատարանների մոտ ներկա են նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ: