20/05/2019 12:22
Հասունացել է ժամանակը՝ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու. Փաշինյան
Եկել է ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու ժամանակը, այս մասին բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հասունացել է ժամանակը՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու՝ մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար», - ասաց նա։
Հիշեցնենք, որ 2018-ի դեկտեմբերին «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Գորիսում նախընտրական քարոզարշավում բնակչության հետ հանդիպման ժամանակ մի ուշագրավ հայտարարություն էր արել՝ անդրադառնալով արցախյան հիմնախնդրի հարցում իր ղեկավարած կառավարության քաղաքականության քննադատություններին:
«Հայաստանում կան քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ովքեր օրումեջ հայտարարում են, թե մեր կառավարությունը դավադրություն է պատրաստում Արցախի դեմ և մեր կառավարությունը նենգ մտադրություններ ունի Արցախի դեմ: Անկեղծ ասած, ես անընդհատ մտածում եմ, թե ինչը կարող է դրդել այդ մարդկանց անել հայտարարություններ, որոնց սուտ լինելու մասին գիտեն իրենք: Պատկերացնում եք՝ երբ մարդիկ սուտ հայտարարություններ են անում՝ իրենք էլ իմանալով, որ սուտ հայտարարություն են անում», - հայտարարել էր Փաշինյանը:
Նա նաև անդրադարձավ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հայտարարությանը, որի համաձայն, Հայաստանը վերջին ամիսների ըթնացքում որևէ սպառազինություն ձեռք չի բերել:
«Դրանք, սուտ, սխալ հայտարարություններ են: Ու ես անընդհատ մտածում եմ՝ լավ, էս մարդիկ նման հայտարարություններ ինչու են անում», -հավելեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ իր մտորումների արդյունքում որևէ տրամաբանական բացատրություն չի գտնում այդ հարցին:
Այդուհանդերձ, նա ասաց, որ մի բացատրություն այդ հարցին ունի. «Որոշ քաղաքական ուժեր հասկացել են իրենց քաղաքական մահվան արձանագրումը և խնդրում եմ, շատ ուշադիր, ժողովուրդ, սա շատ կարևոր բան է, չէի ուզում ասել, բայց պետք է ասեմ՝ իրենց պոտենցիալ, մոտալուտ քաղաքական մահը զգալով, նրանք որոշել են քաղաքական սադրիչ հայտարարություններով դավադիր պատերազմի հրձիգ դառնալ՝ հույս ունենալով, որ կկարողանան հրահրել դավադիր պատերազմ և այդ համատեքստում լուծել իրենց նեղ խմբային, անձնային շահերը:
Սա շատ լուրջ վարկած է, որովհետևր ես իրոք, չեմ կարողանում ուրիշ բացատրություն գտնել: Ես կարծում եմ, որ այս ամենը դուրս է միայն զուտ քաղաքական հարթակներում քննարկելու տրամաբանությունից: Ես կարծում եմ, որ իմ ասած վարկածի ստուգմամբ և այդ հայտարարություններով այլևս պետք է զբաղվեն նաև Ազգային անվտանգության ծառայությունը և ռազմական հակահետախուզությունը, որովհետև ոմանք, որոշ մարդիկ շատ վստահ քայլերով շարժվում են դեպի պետական դավաճանություն: Ես չեմ վախենում այս հայտարարությունը անել»:
Նա նաև հայտարարեց, որ իր ղեկավարած կառավարությունը ու նաև ժողովուրդը ունեն «բավարար լծակներ, որպեսզի արմատախիլ անեն մեր զինված ուժերի թիկունքում քայքայիչ գործողություններ անելու փորձեր անող որոշ ուժերի»:
«Եթե որևէ մեկը ժողովորդական հեղափոխությանը, այսինքն՝ ժողովրդի կողմից ընտրված կառավարությանը կփորձի կասկածել որևէ հակազգային ու հակապետական դավադրության մեջ, մենք մեզ իրավունք կվերապօահենք այդ մարդկանց կասկածել առնվազն օտարերկրյա գործակալներ լինելու մեջ: Էլ չեմ ասում ավելին», - հավելեց Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարը հույս հայտնեց, որ Արցախի ժողովուրդը թույլ չի տա, որ որևէ մեկը մանիպուլյացիաներ անելով փորձի ստեղծել տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի միջև կա որևէ հակասություն:
«Մեր ժողովուրդը այսօր միասնական է, առավել քան երբևէ: Մեր ժողովուրդը թույլ չի տա իր նեղ մերկանտիլ շահերի համար խաթարել համազգային միասնությունը», նշեց Փաշինյանը:
Նկատենք, որ արցախյան հիմնախնդրի լուծման հարցում նոր կառավարության քաղաքականության մասով մտավախություններ էին հայտնել և Հանրապետական կուսակցության պատգամավորության թեկնածու Դավիթ Շահնազարյանը, և Դաշնակցություն կուսակցության ԳՄ ներկայացուցիչ, պատգամավորության թեկնածու Արմեն Ռուստամյանը: